ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik․ Մարտակերտ քաղաքի վրա թշնամին կիրառել է ռազմական ավիացիա։ Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։Նշվում է, որ կան ավերածություններ։ Քաղաքացիական բնակչության շրջանում բարեբախտաբար տուժածներ չկան։
Նշենք, որ այս պահին էլ Ստեփանակերտում, Ասկերանում, Մարտունում և Մարտակերտում օդային տագնապ է։
Ադրբեջանը երեկվանից հարվածներ է հասցնում Ստեփանակերտին` հերթական անգամ թիրախ դարձնելով քաղաքացիական օբյեկտները։ Հարվածների հետևանքով ավերվել է Ստեփանակերտի ծննդատունը, խաղաղ բնակչության շրջանում կան տուժածներ:
Այս պահին էլ պաշտպանության բանակը հատկապես թեժ մարտեր է մղում Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Ակնաղբյուր հատվածում։ Թշնամին ունի կենդանի ուժի մեծ կորուստներ։
ԱՀ ՊԲ–ն էլ հայտարարություն տարածեց` տեղեկացնելով, որ ներկա պահին թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվում Ստեփանակերտ, Շուշի և Մարտակերտ քաղաքները:
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1119 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 223 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 618 տանկ և ՀՄՄ:
Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին
Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։
Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին