Բաքուն հրաժարվում է կառուցողական քննարկումից. Մնացականյանը` հրադադարի մեխանիզմների մասին

Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարությունները Ղարաբաղյան հակամարտության գոտում վերիֆիկացիոն մեխանիզմների թեմայով խորհրդակցություններ են անցկացնում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է, որ Բաքուն հրաժարվում է կառուցողական աշխատանքներ տանել Ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցման չափորոշիչների ուղղությամբ և շարունակում է ռազմական գործողությունները։

Իրանի նախագահի բանագնացը Ղարաբաղի հարցով խորհրդակցություններ է անցկացրել Մոսկվայում

Մնացականյանը հիշեցրել է, որ հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Մոսկվայում համատեղ հայտարարություն էին ընդունել, որի կետերն իրենցից «ճանապարհային քարտեզ» են ներկայացնում։

Նրա խոսքով ՝ կրակի դադարեցմանը, դրա կոնկրետ չափորոշիչների համաձայնեցման անհրաժեշտությանը, զոհվածների և ռազմագերիների մարմինների փոխանակմանը վերաբերող առաջին երեք կետերը պետք է կատարվեն անհապաղ ու առանց նախապայմանների:

Ինչպես ընդգծել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը, բանակցությունների գլխավոր խոչընդոտը եղել է այն, որ Բաքուն պատրաստ չէ ստանձնել կայուն և վերահսկվող հրադադարի պարտավորություն։

«Ադրբեջանը հրաժարվում է վերիֆիկացիոն մեխանիզմների ստեղծումից, և նրա դիրքորոշումն այն է, որ խուսափի հրադադարի կայուն ռեժիմից ու տեղ թողնի փոխադարձ մեղադրանքների համար», - ասել է Մնացականյանը:

Նախարարը տեղեկացրել է, որ այժմ վերիֆիկացիոն մեխանիզմների հարցով խորհրդակցություններ են ընթանում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև:

Եթե Ադրբեջանը դադարեցնի հարձակումները Ղարաբաղի վրա, հակամարտությունը կլուծվի. Ալմագրո

«Առայժմ Ադրբեջանը հրաժարվում է կրակի դադարեցման չափորոշիչների մշակման կառուցողական մասնակցությունից և շարունակում է լայնածավալ ռազմական գործողությունները», - նշել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը:

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ: 

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։ Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։