ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի - Sputnik. Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը ամփոփ տվյալներ է ներկայացրել օրվա ընթացքում Արցախի խաղաղ բնակավայրերում թշնամական ուժերի հասցրած վնասների վերաբերյալ։
Մասնավորապես՝ լուսաբացին հրթիռակոծվել է Ստեփանակերտը։ Ամբողջությամբ ավերվել է բնակելի մեկ տուն։ Տան տերն ու հարևանը վիրավորվել են։ Հարվածից վնասվել են գազատար խողովակն ու էլեկտրական լարերը և մեկ ավտոմեքենա։ Կեսօրին ևս «Սմերչ» կայանքից հրթիռներ են արձակվել մայրաքաղաքի ուղղությամբ։
Կեսօրին Ադրբեջանը հրթիռակոծել է բերդաքաղաք Շուշին։ Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ։ Թշնամին նաև նյութական վնասներ է պատճառել խաղաղ բնակչությանը։
Ռազմական ավիացիա է կիրառվել Ասկերան, Մարտակերտ և Մարտունի քաղաքներում։ Տուժածներ այստեղ չկան։ Ավիահարվածներից քաղաքներում և հարակից բնակավայրերում բազմաթիվ շինություններ են ավերվել։
Գրեթե բոլոր բնակավայրերում այսօր մի քանի անգամ հնչել է օդային տագնապի ազդանշանը։
Նշենք, որ Ադրբեջանը երեկվանից հարվածներ է հասցնում Ստեփանակերտին` հերթական անգամ թիրախ դարձնելով քաղաքացիական օբյեկտները։ Հարվածների հետևանքով ավերվել է Ստեփանակերտի ծննդատունը, խաղաղ բնակչության շրջանում կան տուժածներ:
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 29-ի ժամը 18։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 226 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 632 տանկ և ՀՄՄ:
Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին
Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։
Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին