ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի - Sputnik. Գերագույն հոգևոր խորհուրդը կոչ է անում միջազգային հանրությանը, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, միջոցներ ձեռնարկել տարածաշրջանում խաղաղության վերահաստատման և արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման համար:
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ–ի Facebook-ի էջից տեղեկանում ենք, որ Արցախի հարցը ռազմական ճանապարհով վճռելու, արցախահայությանը բնաջնջելու Ադրբեջանի քաղաքականությունը փաստում է, որ Արցախի համար չի կարող լինել անվտանգության երաշխիք Ադրբեջանի կազմում։
«Գերագույն հոգևոր խորհուրդը գնահատում է Մինսկի խմբի համանախագահող երկրների հետևողական ջանքերը՝ ուղղված մարդասիրական հրադադարի հաստատմանը և պահպանությանը, որը երրորդ անգամը լինելով, բացահայտ խախտվում է Ադրբեջանի կողմից: Լիահույս ենք, որ Մինսկի խմբի համանախագահողների կողմից կգտնվեն արցախյան հակամարտության հանգուցալուծման ուղիներ և մարդկային անմեղ կյանքերը չեն զոհաբերվի սոսկ աշխարհաքաղաքական շահերին»,–նշված է հաղորդագրության մեջ։
Գերագույն հոգևոր խորհուրդն ասում է, որ այսօր Արցախը կարիք ունի համայն աշխարհի հումանիտար աջակցության։ Ըստ խորհրդի` Արցախի ժողովրդի հանդեպ իրականացված այս ոճրագործությունների համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ինչպես նաև այդ ոճրագործություններին աջակցող և անմիջական մասնակից ռազմաքաղաքական մյուս գործիչները պետք է կանգնեն միջազգային դատական ատյանների առջև։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1119 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 226 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 632 տանկ և ՀՄՄ:
Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին
Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։
Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին