ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Եթե որևէ պատճառով Արցախի Հանրապետության վարկառուներից կատարվել է վարկի մարման նպատակով հաշիվներից ավտոմատ գանձում, վարկառուները կարող են դիմել համապատասխան սպասարկող բանկ՝ հարցի կարգավորման նպատակով: Տեղեկությունը հրապարակել է Արցախի տեղեկատվական շտաբն իր ֆեյսբուքյան էջում։
Ըստ հաղորդագրության` 2020թ. հոկտեմբեր ամսվա ընթացքում ՀՀ Կենտրոնական բանկի և Արցախի Հանրապետության տարածքում գործող բանկերի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` Արցախի Հանրապետության տարածքում գործող բանկերի մասնաճյուղերի միջոցով տրամադրված վարկերի մասով Արցախի Հանրապետության տարածքում ռազմական դրության գործողության ողջ ընթացքում
- Չվճարման հետևանքով տույժ-տուգանքներ չեն հաշվեգրվում։
- Մարումների ուշացումների վերաբերյալ տեղեկությունները վարկային ռեգիստր չեն ուղարկվում։
- Բանկերի կողմից վարկառուների քարտային և այլ բանկային հաշիվներից վարկերի մարումների նպատակով ավտոմատ գանձումներ չեն իրականացվում:
Միաժամանակ Արցախի տեղեկատվական շտաբը հորդորում է չտարածել ապատեղեկատվություն բնակչության շրջանում զգայուն այս հարցի վերաբերյալ:
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 29-ի ժամը 18։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 226 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 632 տանկ և ՀՄՄ:
Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին
Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։
Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին