Ադրբեջանը 5 հրթիռ է արձակել Ստեփանակերտի ուղղությամբ

Ադրբեջանը համառորեն խախտում է հրադադարի վերաբերյալ բոլոր պայմանավորվածություններն ու թիրախավորում բնակավայրերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանն Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի ուղղությամբ գիշերը` ժամը 02:00-ի սահմանում, ևս 5 հրթիռ է արձակել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Մինչ այդ հնչել է տագնապի ազդանշանը։

Նախնական տվյալներով` տուժածներ ու ավերածություններ չկան։

Նշենք, որ ադրբեջանական զինված ուժերը հոկտեմբերի 28-ին ավելի քան 15 անգամ հարվածել են Ստեփանակերտի և Շուշիի տարբեր հատվածների ուղղությամբ՝ դիտավորյալ թիրախավորելով մոր և մանկան առողջության կենտրոնը և բնակելի ու հանրային նշանակության որոշ օբյեկտներ:

Ստեփանակերտի հրետակոծված ծննդատունն առանց մեկնաբանության. տեսանյութ

Շուշիում արձանագրվել է 1 քաղաքացիական զոհ և երկու վիրավոր։ 

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1068 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 223 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 618 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին