Վարձկանների նոր խումբ է հասել Ադրբեջան. Թուրքիան դժվարությամբ է հավաքագրում նրանց

Կենտրոնը հայտնում է, որ Ղարաբաղում ընթացող պատերազմում արդեն ավելի քան 200 սիրիացի վարձկան է սպանվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմին մասնակցելու համար Ադրբեջան է հասել սիրիացի ահաբեկիչների 300 հոգանոց նոր խումբը։ Տեղեկությունը հայտնում է Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնը (SOHR)։

Պաշտպանության բանակը վարձկանների ոչնչացման նոր տեսանյութ է հրապարակել

Նշվում է, որ Ադրբեջանի կողմից կռվող գրոհայինների ընդհանուր թիվն առնվազն 2350 է։ Նրանցից 215-ը սպանվել են, ևս 320–ը վերադարձել են` գումարները հետ տալու պայմանով։

«Թուրքիան ահաբեկիչներին հավաքագրելու հետ կապված խնդիրներ ունի, քանի որ վարձկանների մեծ մասը հրաժարվում է մեկնել Լեռնային Ղարաբաղ։ Դա երկու գործոնով է պայմանավորված` մեծ կորուստներ և սպանվելու հավանականություն։ Բացի այդ, վարձկանների մեծ մասը միայն հիմա է իմանում, որ ադրբեջանցիները ոչ թե սունիներ են, այլ շիաներ», – նշում է կենտրոնը։

Միևնույն ժամանակ տեղեկություններ կան, որ վերջին օրերին ադրբեջանական կողմից առնվազն 29 վարձկան է սպանվել։ Նրանցից 15-ի մարմիններն արդեն Սիրիա են հասցրել։ Ընդ որում` նշվում է, որ սեպտեմբերի վերջից Լեռնային Ղարաբաղում առնվազն 217 զինյալ է սպանվել, 138-ի մարմինները հանձնել են հարազատներին։

Ինչպես հայտնի է, Թուրքիան սիրիացի վարձկաններին տեղափոխում է մարտական գործողությունների գոտի, ինչի մասին ավելի վաղ խոսել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինն ու այլ պաշտոնյաներ։ Հայտնի է, որ Արցախի ռազմական գործողությունների գոտում սպանվել է «Ֆիրքաթ ալ Համզա» խմբավորման հրամանատարներից մեկը` Ադել ալ Շահիրը։

«Փողով եկել են, փողով էլ կկոտորվեն». կամավորները` իրենց ու վարձկանների տարբերության մասին

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1068 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 223 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 618 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին