ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի - Sputnik. Դրսևորած խիզախության, անձնվեր և արդյունավետ ծառայության համար 2 տասնյակից ավելի զինծառայողներ պարգևների կարժանանան։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
Մասնավորապես՝ ակտիվ հրետակոծությունից հետո թշնամական ուժերը 4 տանկով ու մեկ ինժեներական տեխնիկայի աջակցությամբ գրոհել են ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ: Դիրքում պաշտպանության անցած յուրային ստորաբաժանումը, կապիտան Նաիրի Վլադիմիրի Աբրահամյանի ղեկավարությամբ, մեծ կորուստներ է պատճառել թշնամուն և ետ շպրտել: Գրոհը հետ մղելու ընթացքում կապիտան Աբրահամյանը վիրավորվել է: Ներկայացված է «Արիության համար» մեդալի:
Գնդապետ Սամվել Սլավայի Գրիգորյանը, մարտական գործողությունների ընթացքում զորքերի հմուտ ղեկավարման և հակառակորդի ուժերի ջախջախմանը նպաստելու համար ներկայացվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի:
Միավորման անձնակազմի մարտական աշխատանքը հմտորեն կազմակերպելու համար գնդապետ Հրայր Վլադիմիրի Աթոյանը կպարգևատրվի «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Նույն կարգի պետական պարգևի է արժանացել գնդապետ Մարտին Ալավիկի Ջհանգիրյանը՝ զորքերի տեխնիկական ապահովումը մարտական պայմաններում իրականացնելու համար:
Կանգնեցրել են թշնամուն, ոչնչացրել կենդանի ուժն ու մարտական տեխնիկան. մերօրյա հերոսները
«Արիության համար» մեդալների են ներկայացվել գնդապետներ Կարեն Էդիկի Դանիելյանն ու Լեռնիկ Համլետի Ասրյանը՝ զորքերի թիկունքային ապահովման ու բարոյահոգեբանական ապահովման կառույցի հստակ ու պլանաչափ աշխատանքները կազմակերպելու համար:
Գնդապետ Էրիկ Բորիկի Գրիգորյանը «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի է ներկայացվել զորքերի հմուտ ղեկավարումն իրականացնելու և թշնամական ուժերի ջախջախմանը նպաստելու համար:
Հաշվարկի կազմով 4 ԱԹՍ ոչնչացնելու համար ավագ լեյտենանտներ Ռուբեն Սերյոժայի Խաչատրյանը, Հովիկ Արմենի Խաչատրյանը, շարքային-պայմանագրային Աշոտ Վահրամի Բալայանը և սերժանտ-պայմանագրային Կարեն Արթուրի Գրիգորյանը ներկայացվել են «Մարտական ծառայություն» մեդալների:
Բարդ պայմաններում վիրավորներին որակավորված բուժօգնություն ցուցաբերելու համար բուժծառայության մայոր Անահիտ Եղիշեի Ասրումյանը, ավագ լեյտենանտ Արամ Սեդրակի Քեյանը, ծառայող Հասմիկ Վիտալիի Դադասյանը, ենթասպա Արևիկ Գրիշայի Շահրամանյանը, ծառայող Մանուշակ Նելսոնի Հայրապետյանը, ծառայող Սիրվարդ Շուրայի Ազիզյանը, կրտսեր սերժանտ-պայմանագրային Լիլիթ Լավրենտի Հայրապետյանը և ծառայող Արփինե Վլադիմիրի Մկրտչյանը կստանան «Մարտական ծառայություն» մեդալներ: Իսկ կամավորական վիրաբույժ, ավագ լեյտենանտ Նորայր Աթանեսի Միքայելյանը ներկայացվել է «Արիության համար» մեդալի։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1068 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 223 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 618 տանկ և ՀՄՄ:
Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին
Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։
Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին