«ԱՄՆ-ի նախագահը պետք է անձամբ միջամտի, որպեսզի կանգնեցնի պատերազմը Ղարաբաղում»․ Ջո Բայդեն

Քաղաքական գործիչ, ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը կարևոր է համարում Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զորքերի առաջխաղացումը կանգնեցնելը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը պետության ներկայիս ղեկավար և իր մրցակից Դոնալդ Թրամփին կոչ է արել ուղիղ բանակցություններ սկսել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կարգավորելու համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մեկ ամիս տևած մարտական գործողություններից հետո վաղուց ժամանակն է, որ նախագահ Թրամփը ուղիղ դիմի Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներին՝ անհապաղ դեէսկալացիայի հասնելու և Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զորքերի առաջխաղացումը կանգնեցնելու համար»,-ասվում է Բայդենի հայտարարության մեջ։

Նա ասել է, որ ԱՄՆ նախագահը պետք է «անձամբ խառնվի, որպեսզի կանգնեցնի այս պատերազմը»։ Բայդենը կարծում է, որ Միացյալ Նահանգների վարչակազմը պետք է «Թուրքիային և Ռուսաստանի կոչ անի դադարեցնել բորբոքել հակամարտությունը՝ մատակարարելով զենքեր (Թուրքիայի դեպքում` վարձկաններ)»։

Թրամփը հիասթափված է. Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի ռեժիմը խախտվել է

«Միացյալ Նահանգները մեր եվրոպացի գործընկերների հետ միասին պետք է գլխավորեն ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ դիվանագիտական ջանքերը և պնդեն համաշխարհային մարդասիրական օգնության հարցում, որպեսզի վերջ դնեն տառապանքներին»,-ընդգծել է Բայդենը։

Նա նշել է, որ իր ընտրվելու դեպքում ԱՄՆ-ը «հենց դրանով էլ կզբաղվի»։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, համանախագահ երկրների եռյակի՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի գլխավորությամբ, սկսած 1992թ.-ից: Հոկտեմբերի 1-ին Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Դոնալդ Թրամփը և Էմանուել Մակրոնը, որպես խմբի համանախագահ երկրների ղեկավարներ, Լեռնային Ղարաբաղի իրադրության վերաբերյալ հայտարարություն են տարածել: Նրանք ընդգծել են, որ ամենավճռական կերպով դատապարտում են հակամարտության գոտում շփման գծում տեղի ունեցող բռնության սրացումը։ Պուտինը, Թրամփը և Մակրոնը կոչ են արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները։

Թրամփը հայտարարել է, որ հեշտությամբ կհասնի խաղաղ կարգավորմանն Արցախում
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1068 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 223 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 618 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին