Բանկերը պատրաստակամ են առավելագույն մեծ ծավալով վարկեր ներել. օրենքն արդեն գործում է

Բանկերն ու վարկային կազմակերպություններն իրենց հայեցողությամբ պետք է որոշեն` զոհված, անհետ կորած և հաշմանդամություն ձեռք բերած անձանցից ում վարկը ներել։ Սակայն բանկերը հնարավորինս օգտվելու են կառավարության ընձեռած գործիքից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. Բանկերն ու վարկային կազմակերպությունները պատրաստակամ են զոհված, անհետ կորած և հաշմանդամություն ձեռք բերած անձանց խմբից առավելագույն մեծ ծավալով վարկեր ներել։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը` անդրադառնալով «ՀՀ հարկային օրենսգրքում» հոկտեմբերի 21-ին ԱԺ որոշմամբ կատարված լրացումներին։

Ներմուծվող որ ապրանքները կազատվեն հարկերից. փոխնախարարը մանրամասներ հայտնեց

Նախատեսվում է, որ բանկերը և վարկային կազմակերպություններն առանց հարկային հետևանքներ կրելու ներեն ռազմական գործողությունների հետևանքով զոհված, անհետ կորած կամ հաշմանդամություն ձեռք բերած ֆիզիկական անձանց վարկային պարտավորությունները։

«Վարկային պարտավորություն ասելով նկատի ունենք ոչ միայն տույժ–տուգանքները, այլ նաև մայր գումարը։ Բանկերն ու վարկային կազմակերպություններն իրենց հայեցողությամբ պետք է որոշեն` ում վարկը ներել։ Սակայն համոզված եմ, որ կառավարության մշակած այս գործիքն առավելագույնս ծառայելու է իր նպատակին և բանկերը հնարավորինս օգտվելու են դրանից»,–ասաց փոխնախարարը։

Նրա խոսքով` օրենքով չի պարտադրվում և չի էլ կարող պարտադրվել բանկերին որևէ մեկի վարկը ներել, քանի որ երկու սուբյեկտների միջև իրավահարաբերություններ են դրանք։

Պողոսյանը հայտնեց նաև, որ բանկեր դիմելու համար հատուկ փաստաթղթերի ցանկ սահմանված չէ, և բանկերն իրենք կարող են պահանջել որոշակի փաստաթղթեր, օրինակ, վստահ լինելու համար, որ տվյալ վարկառուն մասնակցել է ռազմական գործողություններին։ Հարցն այն է, որ կան դեպքեր, երբ մարդը ծանուցվել է զինվորագրման մասին, բայց դեռ չի զինվորագրվել։

Փոխնախարարն ազատվել է աշխատանքային պարտականությունների կատարումից. նա կամավորագրվել է

Պողոսյանը հայտնեց նաև, որ դեռևս հաշվարկված չէ, թե քանի՞սն ունեն վարկային վարկավորություններ, դրանցից ո՞ր մասն են հասցրել փակել։

Հարցին, թե արդյո՞ք հիփոթեքային վարկերին վերաբերում է այս փոփոխությունը` փոխնախարարը պատասխանեց, որ վարկի տեսակի և գումարի չափի վերաբերյալ սահմանափակումներ չկան։ Սակայն, քանի որ հիփոթեքի դեպքում կա գրավի առարկա, հարց է` բանկերը կգնա՞ն ներման, թե ոչ։

Ի դեպ, օրենքն արդեն ուժի մեջ է և կարող է կիրառվել։