ԱԺ-ն միաձայն ընդունեց պաշտպանության ոլորտին վերաբերող նախագծերը

Հայաստանն այսուհետ պաշտոնապես աշխարհազոր կունենա, զինծառայությունից խուսափողներն ու հրամաններին չենթարկվողներն էլ շատ ավելի խիստ պատժի կարժանանան:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ ԱԺ-ն այսօր արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության առաջարկած բոլոր նախագծերը: Նշենք, որ ներկայացված բոլոր նախագծերը խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել էր հոկտեմբերի 27-ի երեկոյան գումարված արտահերթ նիստում:

«Պաշտպանության մասին օրենքում» փոփոխություններ կկատարվեն. ԱԺ–ն ընդունեց նախագիծը

Հաստատված նախագծերից առաջինը «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումների նախագիծն է, որով սահմանվում է, որ ռազմական դրության ժամանակ պետության կարիքների դեպքում պետությունը կարող է օգտագործել ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը: Իսկ դրա ավարտից հետո կա՛մ գույքը վերադարձնել սեփականատիրոջը, կա՛մ փոխհատուցել վնասը:

Երկրորդը «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի ու կից նախագծորի փաթեթն է, որով սահմանվում է Հայաստանում աշխարհազորի գործունեության կարգը, պայմանական ստորաբաժանումների ու դրանց հրամանատարության մեխանիզմները:

Երրորդը Քրեական օրենսգրքի զինվորական հանցանքների՝ դասալքության, ծառայության վայրը ինքնակամ լքելու, հրամանին չենթարկվելու համար նախատեսված պատիժները խստացնող նախագիծն է:

Ռազմական դրության ժամանակ պետությունը կարող է ժամանակավորապես վերցնել քաղաքացիների գույքը

Դրանով ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքային ծառայությունից խուսափելու համար գործող երեքից ութ տարի ազատազրկման փոխարեն առաջարկվում է սահմանել վեցից տասներկու տարվա ազատազրկմամբ:

Որ հեռախոսահամարներն է անհրաժեշտ իմանալ ռազմական դրության ժամանակ

Պատերազմի ժամանակ հրամաններ կատարելուց կամ հարկեր վճարելուց խուսափելու համար գործող առավելագույնը 4 տարվա ազատազրկման փոխարեն առաջարկվում է սահմանել 5 տարվա ազատազրկում:

Զինվորական հրամանը չկատարելու համար սահմանված հինգից տասնհինգ տարի ազատազրկման փոխարեն կառավարությունն առաջարկում է կիրառել ութից տասնհինգ տարվա, զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու համար սահմանված երեքից ութ տարվա ազատազրկման փոխարեն՝ վեցից տասներկու, և դասալքության համար սահմանված վեցից տասներկու տարվա փոխարեն` ութից տասնհինգ տարվա ազատազրկում:

ԱԺ-ն ընդունեց նաև «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ միջազգային կոնվենցիան վավերացնելու մասին» նախագիծը։

Ադրբեջանի օգտին լրտեսություն կատարած երկու անձինք կալանավորված են. ԱԱԾ

Հայաստանը հույս ունի, որ կոնվենցիայի վավերացմամբ կկարողանա այն օգտագործել Ադրբեջանի դեմ, որն, ի դեպ, դրան միացել է դեռ 1997թ-ից, ինչպես նաև Թուրքիայի դեմ, որը թեև չի վավերացրել կոնվենցիան, բայց հանդիսանում է Ադրբեջանի հանցակից կողմ, որը փաստացի մասնակցում է վարձկանների հավաքագրման, ֆինանսավորման, ուսուցանման, Ադրբեջան ուղարկելու և Արցախի դեմ օգտագործելու գործում: