Արմեն Գրիգորյանն ու Ժոնաթան Լաքոտը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը բարձր է գնահատել հակամարտության խաղաղ կարգավորման գործում Ֆրանսիայի և անձամբ նախագահ Մակրոնի ներդրած ջանքերը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Տեղեկությունը հրապարակված է Անվտանգության խորհրդի Facebook-ի էջում։

ԱԽ քարտուղարը դեսպանի ուշադրությունն է հրավիրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետևողական ջանքերի գործադրմամբ ձեռքբերված երեք հումանիտար հրադադարի՝ Ադրբեջանի կողմից կոպտորեն խախտման հանգամանքի վրա: Գրիգորյանն ընդգծել է տարածաշրջանային անվտանգության և կայունության վրա Թուրքիայի բացասաբար աճող ներգրավվածությունը, ինչը դրսևորվում է Ադրբեջանին տրամադրվող ռազմատեխնիկական աջակցությամբ, հակամարտության գոտի օտարերկրյա զինյալ-ահաբեկչներ հավաքագրմամբ ու տեղափոխմամբ, ինչպես նաև հակամարտությունը ռազմական ճանապարհով կարգավորելու կոչերով։

Ադրբեջանը «Սմերչով» հարված է հասցրել նաև Ստեփանակերտին

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական խոր արմատներ ունեցող բարեկամությունը, հակամարտության խաղաղ կարգավորման գործում Ֆրանսիայի և անձամբ նախագահ Մակրոնի ներդրած ջանքերը, ինչպես նաև Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և Արցախ:

Դեսպան Լաքոտը վերահաստատել է հակամարտության միմիայն խաղաղ և դիվանագիտական ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը:

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ:

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։ Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։