ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանն ադրբեջանական բնակավայրերի այն բնակչությանը, որոնց տներին մոտ են տեղակայված ռազմական օբյեկտները, հորդորում է հեռանալ, որպեսզի ադրբեջանական իշխանությունների պատերազմական հանցագործությունների պատճառով ու հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում չդառնան կենդանի վահան:
Այս մասին Վահան Պողոսյանը գրել է Facebook-ի իր պաշտոնական էջում:
«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է բացահայտ և դիտավորյալ կերպով պատերազմական հանցագործություններ իրականացնել՝ տարբեր զինատեսակներից թիրախավորելով Արցախի հիվանդանոցներն ու դպրոցները, բնակելի տներն ու հանրային նշանակության այլ օբյեկտներ՝ սպանելով կամ մարմնական վնասվածքներ պատճառելով խաղաղ բնակչությանը: Եվ աշխարհն իր հանրահայտ լրատվամիջոցների ներկայությամբ շարունակում է այս ամենը լուռ արձանագրել, լավագույն դեպքում ափսոսանք հայտնել մարդկային կորուստների համար»,- ասված է հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ միջազգային հանրությունը պետք է վերջ տա հումանիտար աղետի վերածված այս պատերազմը դադարեցնելուն ուղղված անատամ գործողություններին և կիրառի արդյունավետ միջոցներ, հակառակ դեպքում՝ տարածաշրջանում այն էլ ավելի կխորանա:
Արցախի նախագահի խոսնակը ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությանը դարձյալ նախազգուշացրել է՝ մեր խաղաղ բնակավայրերին հասցված ոչ մի հարված անպատասխան չի մնում և չի մնալու:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, թշնամին այսօր «Սմերչ» կայանքից հարվածել է մայրաքաղաք Ստեփանակերտին։ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով այսօր հրետակոծվել է նաև բերդաքաղաք Շուշին, որի հետևանքով մեկ խաղաղ բնակիչ է զոհվել, 2–ը` վիրավորվել են։ Ավելի ուշ հրթիռակոծության ենթարկվեց նաև Ստեփանակերտի ծննդատունը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1068 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 223 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 618 տանկ և ՀՄՄ:
Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին
Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։
Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին