ԱԱԾ-ն բացահայտել է Արցախից Հայաստան անօրինական ճանապարհով զինամթերք տեղափոխելու դեպքեր

Նշվում է, որ առանձին դեպքերում ներգրավված են եղել նաև քրեական ենթամշակույթ կրող անձինք, ովքեր համանման քայլեր են ձեռնարկել ռազմական գործողություններին մասնակցող որոշ անձանց միջոցով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Վերջին օրերին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտվել և կանխվել են Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն անօրինական  ճանապարհով զենք-զինամթերք տեղափոխելու մի շարք դեպքեր: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունից։

Ադրբեջանի օգտին լրտեսություն կատարած երկու անձինք կալանավորված են. ԱԱԾ

«Հավելենք, որ առանձին դեպքերում ներգրավված են եղել նաև քրեական ենթամշակույթ կրող անձինք, ովքեր համանման քայլեր են ձեռնարկել ռազմական գործողություններին մասնակցող որոշ անձանց միջոցով»,–ասված է հայտարարության մեջ:

ԱԱԾ–ն, ընդգծելով այս վճռորոշ ժամանակահատվածում հակաօրինական յուրաքանչյուր արարքի անթույլատրելիությունը, զգուշացնում է զերծ մնալ նմանատիպ գործողությունների իրականացումից, որոնք կարող են ուղղակիորեն վնասել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քաղաքացիների անվտանգությանը:

ԱԱԾ–ից տեղեկացնում են, որ նմանատիպ բոլոր երևույթները գտնվում են ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ինչպես նաև ՀՀ ոստիկանության շուրջօրյա հսկողության ներքո և ունենալու են իրենց համարժեք իրավական գնահատականը՝ ամենակոշտ գործիքակազմի կիրառմամբ:

ԱԱԾ ևս մեկ պաշտոնյա է ազատվել պաշտոնից