ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. ՊԲ նորանշանակ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանն արդեն հրամանատարական կետում է։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
«ՊԲ նորանշանակ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը տարիներ ի վեր եղել է թշնամու ահ ու սարսափը: Նա արդեն հրամանատարական կետում է և լիարժեք կատարում է իր պարտականությունները»,- գրել է Պողոսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն գեներալ-լեյտենանտ Ջալալ Անատոլիի Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար - պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից:
ԱՀ նախագահը նշել էր, որ Ջալալ Հարությունյանի ազատման որոշումը պահի հրամայական է՝ պայմանավորված օրերս մարտական դիրքում նրա ստացած վիրավորումով և տարամեկնաբանությունների առիթ չպետք է հանդիսանա:
Արայիկ Հարությունյանը Ջալալ Հարությունյանի փոխարեն նշանակել է գեներալ-մայոր Միքայել Ալբերտի Արզումանյանին։ Նրան շնորհվել է նաև գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:
Նշենք, որ Միքայել Արզումանյանը փորձառու զինվորական է։ Նա ծնվել է 1973թ–ին Ստեփանակերտում։
1991թ–ին, 18 տարեկանում, նա կամավորագրվում է Արցախի ինքնապաշտպանական մարտերին ու միանում Աշոտ Ղուլյանի (Ասկոլկա) վաշտին, մասնակցում Մարտակերտի, Վարանդայի (Ֆիզուլի), Ասկերանի, Քարվաճառի (Քելբաջար) և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին:
1992թ.–ի օգոստոսի 24–ին, երբ Դրմբոնում զոհվում է Աշոտ Ղուլյանը, Միքայել Արզումանյանը սեպտեմբերին փոխարինում է իր լեգենդար հրամանատարին ու նշանակվում նրա հերոսական վաշտի հրամանատար։
Ավելի ուշ նշանակվում է Մարտակերտի պաշտպանական շրջանի գումարտակի հրամանատարի տեղակալ, գումարտակի հրամանատար, ջոկի հրամանատարի տեղակալ, գնդի, 1995-1999 թվականներին՝ առանձին հետախուզական գումարտակի հրամանատար, իսկ 1995-1996թթ.–ին` ԼՂ պաշտպանական շրջաններից մեկի հրամանատար:
1997թ. հունվարին Միքայել Արզումանյանը նշանակվել է առանձին հետախուզական գումարտակի հրամանատար: 2006թ. հուլիսին ստանձնել է դիվիզիայի հրամանատարի տեղակալի պաշտոնը: 2010թ. փետրվարին ստանձնել է ՊԲ շտաբի պետի տեղակալի պաշտոնը: 2011-2012թթ. եղել է դիվիզիայի հրամանատար, իսկ 2019-ին` Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ։
Թշնամին վիրավորներին դաշտում է թողնում. БТР-ները «խոդ տված» թողել ու փախել են. տեսանյութ
Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի ՀՀ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշաններով, ինչպես նաև ԼՂՀ «Շուշիի ազատագրման համար», ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալներով։