Թրամփը հիասթափված է. Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի ռեժիմը խախտվել է

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հավաստիացրել էր, որ հոկտեմբերի 25-ին պայմանավորված հրադադարը պահպանվում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիասթափված է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի մասին Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածության խախտման պատճառով: Տեղեկությունը հայտնում է Reuters գործակալությունը։

Ավելի վաղ նա հավաստիացրել էր, որ հոկտեմբերի 25-ին հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը պահպանվում է։

Ադրբեջանը խուսափում է, բայց վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումն այլընտրանք չունի. ՀՀ ԱԳՆ

Նշենք, որ այսօր ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ:

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։ Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։