Թեհրանը պատրաստ է հակամարտության կարգավորման գործում միջնորդ լինել․ ՌԴ-ում Իրանի դեսպան

Իրանը մտահոգ է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող գործողությունների կապակցությամբ, քանի որ դրանք սպառնալիք է համարում ամբողջ տարածաշրջանի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Իրանն ամեն ջանք գործադրում է, որ ղարաբաղյան հակամարտությունը բանակցությունների սեղանի շուրջ լուծվի։ Ավելին, Թեհրանը պատրաստ է միջնորդ լինել հակամարտության կարգավորման գործում։ Նման կարծիք է հայտնել Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին՝ «Զվեզդա» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Իրանական բանակը կպայքարի իր սահմանների մոտ հայտնված ահաբեկիչների դեմ. Իրանի ԶՈւ հրամանատար

Նրա խոսքով՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանին, նաև երկրի արտգործնախարար Ջավադ Զարիֆը երկու կողմերի հետ բանակցություններ են անցկացրել ու հայտնել են միջնորդ լինելու պատրաստակամության մասին։ Միաժամանակ Ջալալին ընդգծել է, որ ցանկացած անդրազգային կամ ահաբեկչական ուժի ներկայությունը տարածաշրջանում կարող է էլ ավելի բարդացնել ներկայիս հակամարտությունն ու նոր սպառնալիքներ ստեղծել։

«Այդ պատճառով խնդրի լուծումը տեսնում ենք տարածաշրջանի երկրների ջանքերի համախմբման ու տարածաշրջանում ահաբեկիչների կենտրոնացումը թույլ չտալու մեջ», - պարզաբանել է դիվանագետը։

Իրանում մտահոգված են Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների կապակցությամբ, քանի որ, Ջալալիի խոսքով, պատերազմը կարող է լուրջ հետևանքներ ունենալ Ադրբեջանի, Հայաստանի ու ամբողջ տարածաշրջանի համար։

Իրանը հատուկ բանագնաց կուղարկի Երևան, Բաքու, Անկարա և Մոսկվա

«Պատերազմի ընթացքում այդ երկրների ենթակառուցվածքները կոչնչացվեն, մարդիկ կսպանվեն, պատերազմն ահռելի վնաս կհասցնի։ Բացի այդ պետք է նշել, որ այս պատերազմը միայն այդ երկու երկրներին չի առնչվում։ Մենք լուրջ հետևանքներ են կանքատեսում ամբողջ տարածաշրջանի համար», - նշել է դեսպանը։

Ինչպես հայտնի է, Թուրքիան Սիրիայից վարձկաններ է տեղափոխում մարտական գործողությունների գոտի, ինչի մասին ավելի վաղ խոսել էին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը և այլ պաշտոնատար անձինք։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արցախում՝ մարտական գործողությունների գոտում, ոչնչացվել է «Ֆիրքաթ Ալ Համզա» ահաբեկչական խմբավորման հրամանատարներից Ադել ալ Շահիրը։

Նա վերջերս էր այնտեղ հայտնվել ու ոչնչացվել էր հայկական ուժերի հրետանային հարվածի արդյունքում։

Հակառակորդը հրետակոծել է հայ-իրանական սահմանի ուղեկալի դիրքերը