Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի իրավիճակը

Հեռախոսազրույցի ընթացքում Լավրովը և Չավուշօղլուն քննարկել են նաև Արցախի պատերազմին մասնակցող օտարերկրյա գրոհայինների խնդիրը և անթույլատրելի համարել նման ներգրավվումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ–ն։

Հաղորդագրության համաձայն` կողմերն ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն հրադադարի հնարավորինս շուտ ապահովման անհրաժեշտությունը։ ԱԳ նախարարները շեշտել են, որ խնդրի խաղաղ լուծումը այլընտրանք չունի, և պետք է հնարավորինս շուտ վերսկսել բանակցությունները` ԵԱՀԿ Մինսկի խմբի սահմանված մեխանիզմների շրջանակներում:

Պոմպեոն հեռախոսով խոսել է Փաշինյանի ու Ալիևի հետ

Հատկապես ընդգծվել է ճգնաժամի միջազգայնացման անթույլատրելիությունը` դրանում օտարերկրյա գրոհայինների ներգրավմամբ։

Լավրովը և Չավուշօղլուն խոսել են նաև Սիրիայի և Լիբանանի մասին։

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ:

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։ Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։