ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Ղարաբաղում տիրող իրավիճակը հեռախոսով քննարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ` հորդորելով կատարել հրադադարի ռեժիմի պահպանման պարտավորությունները։ Տեղեկությունը հայտնել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը:
«Պետքարտուղար Մայքլ Պոմպեոն առանձին–առանձին խոսել է Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Պետքարտուղարը առաջնորդներին կոչ է արել կատարել բռնությունը դադարեցնելու իրենց պարտավորությունները և ձգտել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ ղարաբաղյան հակամարտության դիվանագիտական լուծման։ Նա նաև նշել է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի»,-ասված Է Պետդեպարտամենտի տարածած հայտարարության մեջ:
Պոմպեոն ընդգծել է հրադադարի ռեժիմի լիակատար պահպանման անհրաժեշտությունը, որի մասին կողմերը պայմանավորվել էին հոկտեմբերի 10-ին Մոսկվայում:
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։
Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։
Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։
Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ:
Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։ Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։