ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. Սեպտեմբերի 27-ին Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ու հոկտեմբերին կորոնավիրուսի համավարակի ակտիվացման հետևանքով Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ 7.5% անկում է գրանցել։
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
«Դա հիմնականում արտահայտվել է ծառայությունների ոլորտի զգալի կրճատմամբ»,– ասաց Գալստյանը։
ԿԲ նախագահը նաև հայտնեց, որ, հաշվի առնելով արդեն գրանցված ու նաև սպասվող մակրոտնտեսական զարգացումները, այդ թվում՝ ռիսկի որոշակի աճը, ԿԲ խորհուրդը որոշում է կայացրել անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը:
«2020թ. հոկտեմբերի 27-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ սահմանելով 4.25%»,– ասաց Գալստյանը։
Ի՞նչ է LC Waikiki–ն՝ պարզապես լավ գովազդային արշավ. ինչպես ազատվել թուրքական ապրանքից
ԿԲ–ն նաև ամփոփել է 2020թ.–ի առաջին երեք եռամսյակների տնտեսական արդյունքները։ Դրանց համաձայն, սեպտեմբերին արձանագրվել է 0.2% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.2% գնաճի դիմաց։ Արդյունքում` 12-ամսյա գնաճը կազմել է 1.4%, իսկ բնականոն գնաճը փոքր-ինչ ավելացել է՝ կազմելով 1.3%։