Պատերազմի պատճառով հանրության ֆինանսական վարքագծում խուճապային տրամադրություն չկա

ՀՀ ԿԲ–ն ֆինանսական շուկայի կայունությունն ապահովելու իր գործառույթներն իրականացրել է մինիմալ ծախսերով, քանի որ հանրության կողմից վայրիվերումներ, աժիոտաժ ու խուճապային տրամադրություններ չեն եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանում ու Արցախում պատերազմական իրավիճակով պայմանավորված հանրության ֆինանսական վարքագծում խուճապային տրամադրություններ չեն նկատվում։ Տեղեկությունն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

Պատերազմ գնացողները գումարը հանում ու թողնում են ընտանիքի անդամներին. ավանդները նվազել են

«Մենք ունենք չափազանց գիտակից ու խելամիտ հասարակություն, որովհետև այս մեկ ամսվա ընթացքում այն, ինչ հաջողվեց անել Կենտրոնական բանկին` ֆինանսական կայունության առումով` ֆինանսական շուկաներում, մեր ոլորտում, անհնար կլիներ, եթե չլիներ հասարակության կողմից չափազանց ընկալունակ լինելու փաստը»,– ասաց նա։

Նրա խոսքով` ՀՀ ԿԲ–ն ֆինանսական շուկայի կայունությունն ապահովելու իր գործառույթներն իրականացրել է մինիմալ ծախսերով, քանի որ հանրության կողմից վայրիվերումներ, աժիոտաժ ու խուճապային տրամադրություններ չեն եղել։

«Դա նախ հասարակության արժանիքների մասին է խոսում, ապա նաև խոսում է այն մասին, որ այն երկխոսությունը, որը մենք որպես պետական կառույց ունենք հասարակության հետ ստացվել է»,– ասաց ԿԲ նախագահը` հույս հայտնելով, որ դա նաև շարունակական կլինի, քանի որ բխում է ՀՀ ազգային շահերից։

Պատերազմն ու կորոնավիրուսն ազդել են. տնտեսական ակտիվությունը նվազել է 7.5%–ով

ԿԲ–ն նաև ամփոփել է 2020թ.–ի առաջին երեք եռամսյակների տնտեսական արդյունքները։ Դրանց համաձայն, սեպտեմբերին արձանագրվել է 0.2% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.2% գնաճի դիմաց։ Արդյունքում` 12-ամսյա գնաճը կազմել է 1.4%, իսկ բնականոն գնաճը փոքր-ինչ ավելացել է՝ կազմելով 1.3%։