ՀՀ սահմանապահ ուժերը զգալի կորուստներ են պատճառել հակառակորդին. Շուշան Ստեփանյան

ՀՀ սահմանապահ ուժերը դիմել են կանխարգելիչ գործողությունների։ Ադրբեջանը Հայաստանի հարավային ուղղությամբ անօդաչու թռչող սարքեր է օգտագործում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ հարավային ուղղությամբ ադրբեջանական ոտնձգությունները կանխելու նպատակով ՀՀ սահմանապահ ուժերը դիմել են կանխարգելիչ գործողությունների: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Հայկական կողմը հակառակորդին պատճառել է զգալի վնասներ և կորուստներ»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Ստեփանյանը հայտնում է նաև, որ հակառակորդը սահմանի տվյալ հատվածում օգտագործում է ԱԹՍ-ներ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան՝ ժամը 10:00-10:15–ի սահմանում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմը անօդաչուներով և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը: Անօդաչուներից մեկն ընկել էր Հայաստանի Հանրապետության տարածքում։  

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը նշել էր, որ ստիպված են լինելու պատասխան հարվածներ հասցնել ադրբեջանական ուժերի ուղղությամբ: Ավելի ուշ նա հայտնել էր, որ ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած ոտնձգության հետևանքով վիրավորներ կան: