ՀՀ ՊՆ–ն ու ԶՈւ գլխավոր շտաբը կոչ են անում զերծ մնալ պառակտիչ հայտարարություններից

ՀՀ պաշտպանության նախարարությունն ու Զինված ուժերի գլխավոր շտաբը կոչով դիմել են քաղաքական ու մերձքաղաքական շրջանակներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը և Զինված ուժերի գլխավոր շտաբը խստորեն դատապարտում են Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարության և Զինված ուժերի միջև հակասություններ սերմանելու որոշ քաղաքական շրջանակների փորձերը: 

«Առավելևս ռազմական դրության պայմաններում Հայաստանի Զինված ուժերը հավատարիմ են օրենքով նախատեսված աստիճանակարգությանը և շարունակելու են անվերապահորեն կատարել ՀՀ գերագույն հրամանատարի, կառավարության և պաշտպանության նախարարի հրամաններն ու որոշումները»,– նշված է հայտարարության մեջ, որը հրապարակել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը և Զինված ուժերի գլխավոր շտաբը քաղաքական ու մերձքաղաքական շրջանակներին կոչ են անում զերծ մնալ պառակտիչ հայտարարություններից և գործողություններից:

 

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանն ավելի վաղ հայտարարել էր, որ այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը, ընդ որում՝ դա պետք է անի կամավոր, առանց ցնցումների, որոնք կարող են կործանարար լինել։ Նա նշել էր, որ բանակը, իր ձեռքը վերցնելով ողջ իշխանությունը, պետք է կազմի միասնական Պաշտպանության կոմիտե Արցախի հետ միասին՝ կազմակերպելով պատերազմական ներկա իրավիճակին անհրաժեշտ միջոցառումները, ապահովելով վստահություն և գնալով բանակցությունների շահագրգիռ պետությունների,միջազգային կառույցների հետ։ Մանուկյանը շեշտել էր, որ սա միակ փրկությունն է, հակառակ դեպքում մենք կարող ենք կորցնել ամեն ինչ։