ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ ԱԺ-ն արտահերթ նիստում միաձայն ընդունեց կառավարության ներկայացրած բոլոր նախագծերը: Երկրորդ ընթերցմամբ քննարկումն ու քվեարկությունը տեղի կունենա ավելի ուշ: Թե երբ, նիստը վարող ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը չհստակեցրեց, բայց հիշեցրեց, որ խորհրդարանը վաղն առավոտյան ժամը 10:00-ից պետք է շարունակի հերթական նիստի աշխատանքը:
Նշենք, որ արտահերթ նիստում այսօր առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերի թվում է «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումների նախագիծը, որով առաջարկվում է սահմանել, որ ռազմական դրության ժամանակ պետության կարիքների դեպքում պետությունը կարող է օգտագործել ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը: Իսկ դրա ավարտից հետո կա՛մ գույքը վերադարձնել սեփականատիրոջը, կա՛մ փոխհատուցել վնասը:
Երկրորդը՝ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի ու կից նախագծերի փաթեթն է, որով սահմանվում է Հայաստանում աշխարհազորի գործունեության կարգը, պայմանական ստորաբաժանումների ու դրանց հրամանատարության մեխանիզմները:
Երրորդը՝ Քրեական օրենսգրքի զինվորական հանցանքների՝ դասալքության, ծառայության վայրը ինքնակամ լքելու, հրամանին չենթարկվելու համար նախատեսված պատիժները խստացնող նախագիծն է:
Իսկ չորրորդը` «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ միջազգային կոնվենցիան վավերացնելու մասին» նախագիծն է:
Կկոնվենցիայի վավերացմամբ Հայաստանն հույս ունի, որ կկարողանա այն օգտագործել Ադրբեջանի դեմ, որն, ի դեպ, դրան միացել է դեռ 1997թ-ից, ինչպես նաև Թուրքիայի դեմ, որը թեև չի վավերացրել կոնվենցիան, բայց հանդիսանում է Ադրբեջանի հանցակից կողմ և փաստացի մասնակցում է վարձկանների հավաքագրման, ֆինանսավորման, ուսուցանման, Ադրբեջան ուղարկելու և Արցախի դեմ օգտագործելու գործում: