ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. ԱԱԾ սահմանապահ զորքերի շտաբի պետ Գագիկ Թևոսյանը հեռացվել է պաշտոնից։ Տեղեկությունն այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արմեն Աբազյանը։
Պատասխանելով հարցին, թե արդյոք ճի՞շտ են տեղեկությունները, թե ԱԱԾ սահմանապահ զորքերի շտաբի պետ Գագիկ Թևոսյանը ևս հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, Արմեն Աբազյանն ասաց. «Այո»։
Նա չմեկնաբանեց Թևոսյանի ազատման որոշումը։ Փոխարենը հայտնեց, որ ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի՝ պաշտոնից ազատվելու վերաբերյալ մամուլում շրջանառվող վարկածները չեն համապատասխանում իրականությանը։
«ԱԱԾ տնօրենին պաշտոնից ազատելու իրավասությունը վերապահված է երկրի ղեկավարությանը։ Դրանից ավել տեղեկատվություն չեմ կարող տալ։ Միանշանակ քրեական գործ չկա հարուցված», - ասաց Աբազյանը` արձագանքելով մամուլում հրապարակված լուրերին, թե Քյարամյանն ազատվել է դավաճանության համար, ու նրա նկատմամբ քրեական գործ է հարուցված եղել։ Մեկ այլ վարկածով էլ Քյարամյանը չի կարողացել համակարգել սահմանապահ զորքերի ռազմական գործողությունները։
Հիշեցնենք` երեկ հայտնի դարձավ, որ Վաղինակ Սարգսյանն ազատվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից, նրա փոխարեն նշանակվել է Արման Մարալչյանը։
Այսօր էլ ԱԱԾ–ից հայտնեցին, որ պաշտոնից ազատվել է նաև ԱԱԾ Հակահետախուզության դեպարտամենտի պետ, գեներալ-մայոր Հովհաննես Կարումյանը։
Քյարամյանը պաշտոնից ազատվել էր հոկտեմբերի 8-ին։