Բահրեյնի թագավորն արձագանքել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նամակին

Բահրեյնի թագավորը նշել է, որ Բահրեյնի արտաքին գործերի նախարարությունն աշխատում է միջազգային անվտանգությամբ և խաղաղությամբ մտահոգ երկրների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. Բահրեյնի թագավոր, շեյխ Համադ բին Իսա Ալ Խալիֆան արձագանքել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի` իրեն հղած նամակին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Բռնությունը պետք է դադարեցնել․ ԵԽ ղեկավարն ու ՀՀ նախագահը քննարկել են Արցախի թեման

Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 30-ին նամակներ էր հղել Բահրեյնի թագավորին և արաբական մի շարք երկրների ղեկավարների՝ տեղեկացնելով Հայաստանի հետ սահմանին և ԼՂ հետ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների մասին և նշել միջազգային հարթակներում նրանց ունեցած կապերի օգտագործման կարևորությունը՝ դադարեցնելու արյունահեղությունը:

«Կիսում ենք նաև մտավախությունը, որ այդ ցավալի հակամարտությունը կարող է վերածվել երկարաժամկետ պատերազմի տարածաշրջանում, որին զոհ կգնան քաղաքացիական անձինք և սպառնալիք կստեղծվի ամբողջ միջազգային անվտանգության համար: Մենք կիսում ենք ձեր կարծիքը, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում և բանակցություններն ու քաղաքական կարգավորումն առավել ընդունելի են»,–նշված է Բահրեյնի թագավորի պատասխան նամակում։

Թագավորը նշել է, որ Բահրեյնի արտաքին գործերի նախարարությունն աշխատում է միջազգային անվտանգությամբ և խաղաղությամբ մտահոգ երկրների հետ՝ կոչ անելով միավորել միջազգային հանրության ջանքերը՝ անհապաղ հրադադար հաստատելու և ավերիչ պատերազմը կանխարգելելու նպատակով:

Ավստրիան վերստին արտահայտեց իր հստակ և աներկբա աջակցությունը հայ ժողովրդին. Արմեն Սարգսյան

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 27-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1009 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6674 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 220 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին