ԱԺ–ն արտահերթ նիստ կգումարի. օրակարգում պաշտպանության ոլորտի հարցեր են

Ի թիվս այլ ռազմական հարցերի, Հայաստանի կառավարությունն առաջարկում է վավարեցնել «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ Ազգային ժողովը կառավարության առաջարկով այսօր 18։30-ին արտահերթ նիստ կգումարի։ Տեղեկությունն այսօր ԱԺ հերթական նիստի ավարտին հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։

Հայաստանի ամբողջ տարածքում հայտարարվել է ռազմական դրություն. կառավարության որոշումը

Նիստի օրակարգը և կառավարության համապատասխան որոշումն առայժմ պաշտոնական կայքերում հրապարակված չեն։ Գործադիր մարմնի լրատվական ծառայությունից, սակայն, Sputnik Արմենիային հայտնեցին, որ արտահերթ նիստ հրավիրելու որոշումը կառավարությունն ընդունել է այսօր, հեռավար կարգով։

Կառավարության ասհմանած օրակարգում 4 հարց կա.

1. «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ։

2. «Պաշտպանությամ մասին», «Տարածքային կառավարման մասին», «ՏԻՄ մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթն առաջին ու երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարց։

3. ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ։

4. «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ միջազգային կոնվենցիան» վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծ։

Կառավարությունից Sputnik Արմենիային նաև հայտնեցին, որ ՀՀ կառավարության կողմից արտահերթ նիստում ներկայացուցիչ է նշանակված ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը, որն էլ կներկայացնի կառավարության բոլոր առաջարկները խորհրդարանին։

ԱԺ-ն հատուկ նիստ կգումարի. ՀՀ-ում հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք