Արսեն Թորոսյանը Հնդկաստանի դեսպանից օգնություն է խնդրել

Հնդկաստանի դեսպանը հավաստիացրել է, որ կուսումնասիրի օգնության բոլոր հնարավոր տարբերակները՝ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության հետ խորհրդակցելուց հետո:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալի հետ։ Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Պատերազմն ու կորոնավիրուսն ազդել են. տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 7.5%–ով

Հանդիպման ժամանակ նախարարը խնդրել է դեսպանին դիտարկել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում ու ստեղծված ռազմական իրավիճակում Հնդկաստանի կողմից Հայաստանի առողջապահության ոլորտին հումանիտար օգնության տրամադրման հնարավորությունը: Թորոսյանը բարձր է գնահատել Հայաստանի և Հնդկաստանի միջև առողջապահության բնագավառում ծավալված երկարատև համագործակցությունը և նախորդ տարիներին Հնդկաստանի կառավարության կողմից Հայաստանի առողջապահության ոլորտին ցուցաբերված շարունակական օժանդակությունը։ Նա նաև շնորհակալություն է հայտնել շաբաթներ առաջ դեղամիջոցների օժանդակության համար և նշել, որ դրանք ծառայում են իրենց նպատակին:

Նախարարը նշել է, որ ՀՀ առողջապահության ոլորտը պատրաստ էր կորոնավիրուսային համավարակի երկրորդ ալիքին դիմագրավելուն, սակայն Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի բժշկական կենտրոնները համալրել նոր սարքերով և դեղորայքով:

Եվգենի Պետրոսյանին հոսպիտալացրել են կորոնավիրուսի կասկածանքով

Հնդկաստանի դեսպանը հավաստիացրել է, որ կուսումնասիրի օգնության բոլոր հնարավոր տարբերակները՝ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության հետ խորհրդակցելուց հետո: Դեսպանը շնորհակալություն է հայտնել Առողջապահության նախարարին Covid-19-ի ընթացքում հնդիկ ուսանողների մասին հոգ տանելու համար:

Կողմերը պայմանավորվել են  հետագայում ևս շարունակել համագործակցությունն առողջապահության բնագավառում:

Նշենք, որ Հայաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 1600 դեպք, ընդհանուր վարակակիրների թիվը հոկտեմբերի 27–ի, ժամը 11։00-ի դրությամբ կազմել է 80410 մարդ։