Հոսող ջրի ձայն, տարաների չրխկոց, մաքրած սխտորի, սոխի ու կանաչու հոտ։ Մայրաքաղաքի ռեստորաններից մեկի խոհանոցում աշխատանքը եռում է։ Բայց ի տարբերություն սովորական օրերի, այսօր գլխավոր գործող անձինք ոչ թե անվանի խոհարարներ են, այլ արցախցի կանայք, որոնք վաղ առավոտից սկսել են աղ դնել ու պատրաստել արցախյան հայտնի թթուն։
Ֆլորա տատը, որ Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղից է, այս գործում հմուտ ու պրոֆեսիոնալ է։ Նրա հայտնի թթվի մասին գիտեն նաև հարազատ գյուղից դուրս։
Արցախում ընթացող պատերազմի պատճառով նա ստիպված է ժամանակավոր Երևանում ապրել։ Նախաձեռնության մասին իմանալով` առանց վարանելու միացել է նրանց. գումար այսօր բոլորին է հարկավոր։
Հարցին, թե որն է արցախյան թթվի գաղտնիքը, Ֆլորա տատն անմիջապես պատասխանում է` ջուրն ու համեմունքները։
«Մեր համեմունքները, լեռնային ջուրն ու բերքն ամենալավն են։ Իզուր չէ, որ Արցախում է թթվի փառատոնն անցկացվում, ավելի ճիշտ, անցկացվում էր, էլ երբ կլինի` Աստված գիտի», – ասում է Ֆլորան ու ծանր հոգոց հանում` միաժամանակ հոսող ջրի տակ լվանալով նեխուրը։
Լռությունն ընդհատելով` ասում եմ, որ շուտով բոլորս կրկին կհավաքվենք Ստեփանակերտում` փառատոնի։ Ֆլորա տատը համաձայնում է, այս անգամ արդեն ժպիտը դեմքին։
Ֆլորան դստեր, հարսի և թոռների հետ Երևանում վարձով է ապրում, իսկ նրա երկու որդիներն առաջնագծում են։
Բանջարեղենի պահածոյացման վարպետ Նինան հակված չէ աշխարհագրական չափանիշով տարանջատել թթուները։ Պարզ ասած` նրա համար չկա «Ստեփանակերտի» կամ «Սևանի» թթու։ Նինան համոզված է, որ բոլոր հայ կանանց պատրաստած թթուներն էլ համեղ են։ Նա այստեղ էլ թթու է համտեսել ու շատ է հավանել։
«Գուցե մեր թթուն տարբերվում է, որովհետև մենք տարբեր մթերքներ ենք խառնում, և ոչ թե թթու ենք դնում միայն կաղամբը կամ լոլիկը։ Բայց էությունը դրանից չի փոխվում», – բացատրում է Նինան։
Կնոջ խոսքով` ամեն բանջարեղեն աղ դնելու իր ձևն ունի։ Կարևոր է իմանալ, թե որ մթերքին է պետք ավելացնել քացախ, իսկ որին` կիտրոնի թթու։
Նինան չէր ուզում պատմել իր մասին։ Բավական ծանր է խոսել տեղի ունեցողի մասին։ Նա Երևան է եկել մարտական գործողություններից մի քանի օր առաջ` դստեր մոտ, ով ամուսնացել է և այստեղ է ապրում։
Արդեն սեպտեմբերի 27-ից հետո եկել են ընտանիքի մյուս անդամները։ Նինան 9 թոռ ունի, դուստրերը հոգ են տանում երեխաների մասին, երկու փեսաներն էլ առաջնագծում են։ Ստացվում է, որ Նինան այս պահին ընտանիքի միակ կերակրողն է։
Ուրախ է, որ կարողանում է և՛ գումար աշխատել, և՛ մի փոքր էլ շեղվել ծանր մտքերից։
Իր դրած թթվի անկրկնելի համով կարող է պարծենալ նաև Ստեփանակերտի պատկերասրահի տնօրեն Ելենա Դադայան–Ռոմանովան։ Նա ևս միացել է նախաձեռնությանը` դրա մասին իմանալուց անմիջապես հետո։ Ելենան ծնվել ու մեծացել է Բաքվում, հայրը հայ է, բայց երակներում նաև ուկրաինական ու ռուսական արյուն է հոսում։ Երբ սկսվեցին Բաքվի ջարդերը, Ելենան ամուսնու հետ Հայաստան տեղափոխվեց, այնուհետև նրանք հաստատվեցին Ստեփանակերտում։ Ելենայի ամուսինը վաղուց է մահացել, որդին հիմա առաջնագծում է, նա դստեր և թոռների հետ Երևան է եկել պատերազմի առաջին օրերից։
«Կիրակի էր, առավոտյան ժամը 7:30 արթնացա աղմուկից։ Պատուհանից նայեցի, տեսնեմ` քաղաքի ծայրամասում կրակոցներ են։ Սկզբում մտածեցի` գուցե զորավարժություններ են, բայց երբ տեսա կրակը, անմիջապես հասկացա, որ զորավարժություններ չեն», – սեպտեմբերի 27-ի առավոտն է հիշում Ելենան։
Նրա խոսքով` չարաբաստիկ այդ առավոտ անմիջապես պարզ դարձավ, որ ինչ–որ լուրջ բան է կատարվում. հագավ ձեռքի տակ ընկած շորն ու իջավ նկուղ։
Այս միջոցառման նախաձեռնող, դիզայներ Լիլիթ Մելիքյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ մեկ օրում նրանց հաջողվել է ավելի քան 500 բանկա թթու փակել, այդ թվում` սոխ, տավարի լեզու, լոլիկ, ծաղկակաղամբ, բուլղարական պղպեղ, ձմերուկ և այլն։ Մելիքյանը պատմեց, որ շատերն են արձագանքել նախաձեռնությանը, և օրինակ, տավարի լեզուն անմիջապես սպառվել է։
«Վաճառքից ստացված գումարը կբաշխվի այս գործում իրենց ներդրումն ունեցած արցախցի կանանց միջև», – ասաց նա։
Մելիքյանն ու համախոհները պատերազմի առաջին օրերին զբաղվում էին արցախցիներին տեղավորելու և հագուստով ու պարենով ապահովելու գործով։ Բայց հիմա կարևոր է նրանց աշխատանքի տեղավորելու խնդիրը։ Դիզայների խոսքով` կարևոր է, որ կանայք կարողանան գումար աշխատել սեփական կարիքների համար և առաջնագծում գտնվող ամուսիններին ազատեն ավելորդ բեռից։
Արցախցի կանանց թիմը մտադիր է նաև արցախյան կուրկուտ կերակրատեսակը պատրաստել, գուցե նաև ժենգյալով հացի բացօթյա փառատոն կազմակերպեն։
Մանկությունս անցել է նկուղում. արցախցի կանայք գիտեն Ադրբեջանին ու Թուրքիային զսպելու ձևը
Մինչ մենք զրուցում էինք Լիլիթի հետ, «Մեր տուն» ռեստորանի ներկայացուցիչ Շահե Խզրաթյանը թթվի մի խմբաքանակ էլ վաճառեց։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա խոստովանեց, որ գաղափարը իրենք շատ են հավանել և սիրով հարթակ են տրամադրել այն կյանքի կոչելու համար։