ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեսանյութը Արցախի պաշտպանության նախկին նախարար գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի վիրավորվելու հետ կապ չունի և այդ պահը չի ֆիքսել: «Արմենպրես» լրատվական գործակալության հետ զրույցում ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
«Ջալալ Հարությունյանը վիրավորվել է մարտական դիրքում: Նրա վիրավորումը ծանր չէ, կյանքին վտանգ չի սպառնում: Այս պահին նա ինտենսիվ ապաքինման պրոցեսում է և առաջիկայում կվերադառնա շարք»,- ասել է Պողոսյանը:
Հիշեցնենք` Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյան այսօր առավոտյան տեղեկացրել էր, որ Ջալալ Հարությունյանն ազատվում է ԱՀ պաշտպանության նախարարի պաշտոնից` պայմանավորված մարտական դիրքում ստացած վիրավորումով։