Ադրբեջանական կասետային հրթիռի հարվածից Ննգի գյուղում 3 կանայք են վիրավորվել. Արցախի ՄԻՊ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ստացած տեղեկության համաձայն՝ Ադրբեջանը շարունակում է հրթիռահրետանային միջոցներով թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանը կեսօրին կասետային «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրթիռակոծել է Մարտունու շրջանի Ննգի գյուղի բնակելի հատվածները, որտեղ ապաստանել էին մի շարք այլ համայնքներից ժամանակավորապես տեղահանված քաղաքացիական մեծաքանակ անձինք: Sputnik Արմենիային տեղեկությունը հայտնեցին Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։

Զինծառայողների և գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունք. ՄԻՊ–ը զեկույց է պատրաստել

Հարվածի հետևանքով երեք կին վիրավորվել են, ինչպես նաև ամբողջությամբ ավերվել է մեկ տուն, տարբեր աստիճանի վնաս է հասցվել համայնքի այլ տների ու ենթակառուցվածքների ևս:

Հաշվի առնելով, որ տվյալ համայնքի մոտ առկա չէ որևէ ռազմական օբյեկտ, ինչպես նաև խիտ բնակեցված հատվածում կիրառվել է ազդեցության լայն շառավղով արգելված կասետային հրթիռ՝ ակնհայտ է, որ ադրբեջանական զինված ուժերը հանցավոր դիտավորություն ունեին թիրախավորելու հենց քաղաքացիական բնակչությունն ու օբյեկտները:

Մարդու իրավունքների պաշտպանը դիմում է միջազգային հանրությանն ու իրավապաշտպան կազմակերպություններին անհապաղ քայլեր ձեռնարկել Արցախի ժողովրդի նկատմամբ ադրբեջանական վայրագությունները պատշաճ արձագանքի արժանացնելու և դադարեցնելու ուղղությամբ:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Ադրբեջանական դաժանությունները` օրինակներով. ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է Ֆրանսիայի պատվիրակներին

Հոկտեմբերի 27-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1009 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6674 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 220 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին