Ադրբեջանական դաժանությունները` օրինակներով. ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է Ֆրանսիայի պատվիրակներին

Արման Թաթոյանը Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը հորդորել է անձամբ այցելել Արցախ` տեղում ադրբեջանական զինված ուժերի ավերվածություններն ու վայրագություններն արձանագրելու համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik.  Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակության հետ և նրանց ներկայացրել ադրբեջանական դաժանությունները կոնկրետ օրինակներով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՄԻՊ մամուլի ծառայությունը։

Ինչ նկատի ուներ Փաշինյանը «ցավոտ փոխզիջում» ասելով. պատասխանում է Ալեն Սիմոնյանը

Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակության կազմում են եղել գործող և նախկին պատգամավորներ, լրագրողներ։

«Խաղաղ բնակչությանը թիրախավորելն ու նրանց նկատմամբ արգելված զինատեսակներ կիրառելը, վարձկան ահաբեկիչների ներգրավումը, հայ գերիների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի անմարդկային վերաբերմունքը և հայատյացությունը վկայում են, որ խնդիր է դրված Արցախում իրականացնել էթնիկ զտում ահաբեկչական մեթոդներով»,- նշել է Մարդու իրավունքների պաշտպանը՝ ներկայացնելով խոսքերը հավաստող կոնկրետ ապացույցներ։

Թաթոյանն անդրադարձել է նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող գործողություններին, որոնք ուղղված են խաղաղ բնակիչների և ռազմական նշանակություն չունեցող ենթակառուցվածքների դեմ։ Նա նշել է, որ Հայաստանի բնակչության շրջանում կա 2 սպանված և 2 վիրավոր, ինչպես նաև առկա են վնասված տներ, իսկ Արցախի խաղաղ բնակչության շրջանում կա առնվազն 39 սպանված և 120 վիրավոր:

Թաթոյանը խոսել է նաև մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողների թիրախավորմանն Արցախում՝ ադրբեջանական կողմի այս գործելաոճը որակելով որպես հանցանք խոսքի ազատության դեմ և միջազգային իրավունքի կոպիտ խախտում:       

Մարդու իրավունքների պաշտպանը Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը հորդորել է անձամբ այցելել Արցախ` Արցախի մարդու իրավունքների պաշտպանի, քաղաքացիական հասարակության հետ հանդիպելու, տեղում ադրբեջանական զինված ուժերի ավերվածություններն ու վայրագություններն արձանագրելու համար:

Զինծառայողների և գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունք. ՄԻՊ–ը զեկույց է պատրաստել

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 27-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1009 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6674 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 220 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին