Վարդենիսի տարածաշրջանում չպայթած զինամթերքի ոչնչացման աշխատանքներ են իրականացվել

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» հրապարակած լուսանկարներում երևում է, թե ինչ հետք են թողել ադրբեջանական անօդաչուները Հայաստանի բնակելի տարածքներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» մասնագետները Հայաստանի Վարդենիս տարածաշրջանի բնակելի տարածքներում իրականացրել են չպայթած զինամթերքների հայտնաբերման և ոչնչացման աշխատանքներ։ Տեղեկությունը հայտնում է կենտրոնի մամուլի ծառայությունը։

Ադրբեջանի զինված ուժերն օրեր շարունակ խաղաղ բնակչության նկատմամբ իրականացրել են ռազմական հանցագործություններ՝ խախտելով նաև մարդասիրական հրադադարի երկուստեք պայմանավորվածությունները: Թշնամու անօդաչու թռչող սարքերի հարվածներից վնասվել են Հայաստանի Վարդենիս տարածաշրջանի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Սոթք, և Սյունիքի Արծվանիկ, Դավիթ Բեկ խաղաղ բնակավայրերը:

Արցախի ՊԲ–ն հերթական անօդաչուն է ոչնչացրել. տեսանյութ

Թշնամու հարվածային ԱԹՍ-ի հրթիռակոծումից Մեծ Մասրիկ գյուղի խաղաղ բնակիչ 1957 թ. ծնված Գևորգ Վարդանյանի տունը վերածվել է ավերակի, իսկ նա տեղում մահացել է: Հարևան 8-ամյա Աշոտը պատմում էր, որ համագյուղացին վերջերս էր վերադարձել Արցախից և երեկոյան հարևանի հետ սրճելուց հետո գնացել էր տուն՝ մի փոքր հանգստանալու։ Ժամը 21:30-ին լսված պայթյունի ձայնից հարևանները վազել են բակ և հայտնաբերել անօդաչու թռչող սարքի հարվածից արդեն ավերված զոհված Գևորգի տունը: Այստեղ ադրբեջանական զինուժի գործած ավերածությունները շատ են. վնասվել են հարակից տներն ու երթևեկելի հատվածները։ Մեծ Մասրիկի ևս մեկ բնակիչ՝ Սուրեն Դաշյանը, ստացել է բեկորային վնասվածք և այժմ ապաքինվում է: Ռոբերտ Եղիազարյանն էլ գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է:

Թշնամու հրթիռակոծման ալիքներից կոտրվել են նաև Սոթք գյուղի դպրոցի պատուհանները: Նույն գյուղի ծանր վիրավորում ստացած 14-ամյա Նարեկի վիճակը թեև արդեն կայուն է, բայց նրա ավագ եղբայրը հիշում է՝ ինչպես են կարտոֆիլի դաշտում, բերքահավաքի պահին, նկատել անօդաչու թռչող սարքը։ Պատանիներն ու նրանց հայրը փորձել են փախչել, բայց թշնամու ԱԹՍ-ի հարվածից ծանր վիրավորում է ստացել Նարեկը։

«Սիրտս պայթում է». ինչ նամակ է գրել գերեվարված Ազնիվը

Անկախ այժմ էլ առկա վտանգից Սոթքի բնակիչները շարունակում են ապրել իրենց բնականոն առօրյայով։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 26-ի ժամը 13։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 974 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6674 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 220 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը