Թշնամին մոտեցել է Սյունիքի դարպասներին. Արծրուն Հովհաննիսյանը` առաջնագծի մասին

Հայկական կողմը հաճախ նահանջում է, քանի որ մարդկանց կյանքը թանկ է, բայց ՊՆ ներկայացուցիչը վստահեցնում է, որ իրավիճակը ծայրահեղ չէ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ժամանակ հայտնեց, որ այսօր` վաղ առավոտյան, Ադրբեջանի զինված ուժերի և ահաբեկչական խմբավորումները լայնամասշատբ հարձակումներ են ձեռնարկել մի քանի ուղղություններով ռազմաճակատի հարավ-արևելքում, բայց թշնամական հրոսակներին, չնայած թվացյալ հաջողություններին, չի հաջողվել ճեղքել հարավարևելյան առաջնագիծը։

«Թշնամին մոտեցել է Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ։ Հաճախ, այո՛, նահանջում ենք, քանզի մարդկանց կյանքը թանկ է։ Զբաղեցնում ենք նոր բնագծեր։ Վիճակը ծանր է, բայց անելանելի չէ։ Ես հավատում եմ հայ զինվորի բազկին, խելքին, հմտությանը։ Այսօր էլ, երեկ էլ, եթե ինչ–որ տեղ նահանջել ենք, շատ տեղերում էլ փախուստի ենք մատնել աշխարհի առաջնային բանակների հատուկջոկատայիններին։ Եվ սա կրկնվում է գրեթե ամեն օր»,– ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` Հադրութից հյուսիս ընկած գյուղերի անտառներում այսօր շարունակվել են դիվերսիոն խմբերի փնտրման և ջախջախման գործողությունները։ Որոշ դիվեսիոն խմբեր, նույնիսկ թողնելով մեքենաները, փախել են, բայց մի քանի գյուղերում մարտերը շարունակվում են։

Շեխեր, Ջիվանի, Ազոխ գյուղերում շարունակվում են դիվեսիոն խմբերի որոնման և ջախջախման գործողությունները։ Ըստ Հովհաննիսյանի` ռազմական հետախուզությունը փայլուն տիրապետում է իրավիճակին։

ՊՆ ներկայացուցիչը հայտնեց նաև, որ երեկ, ցավոք, հակառակորդին հաջողվել է գրավել Կուբատլուն և որոշ ուղղություններով առաջանալ։ Նա խոստացավ, որ վաղը ինտերակտիվ քարտեզով ցույց կտան այդ տարածքները։

Մարտունիում հուժկու պայթյունի զոհ են դարձել սննդի մատակարար ընկերության աշխատակիցները

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 26-ի ժամը 13։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 974 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6674 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 220 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին