Հարավարևելյան ուղղությամբ թեժ մարտերը շարունակվում են, Ստեփանակերտում իրավիճակը հանգիստ է

Հրադադարի վերաբերյալ երրորդ պայմանավորվածությունից հետո էլ Ադրբեջանը շարունակում է ռազմական գործողությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Ստեփանակերտում իրավիճակը հանգիստ է, հարակից տարածքներից լսվում են պայթյունի ձայներ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Երբեմն մեր հակաօդային պաշտպանության ստորաբաժումներն են աշխատում, կամ հրետանու ձայներն են հեռվից լսվում։ Արցախի հարավարևելյան ուղղությամբ թեժ մարտերը շարունակվում են»,–նշված է հաղորդագրության մեջ։

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Արդեն երրորդ անգամ հրադադարը խախտվում է. ՄԱԿ–ում խորապես մտահոգված են

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ: 

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։ Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։