Հումանիտար հրադադարն ուժի մեջ կմտնի մի քանի ժամից. ԱԳՆ

Հանդիպման ավարտին եռակողմ հայտարարություն է տարածվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հումանիտար հրադադարի հաստատման նոր ժամկետի մասին են պայմանավորվել։ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի հաղորդմամբ՝ հումանիտար հրադադարն ուժի մեջ կմտնի 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին:

ԱՄՆ-ն համոզում է Ադրբեջանին Հայաստանի հետ հրադադար հաստատել. Թրամփի օգնական

«Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում ունեցան ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ և վերահաստատեցին իրենց երկրների հանձնառությունը` կյանքի կոչելու և պահպանելու կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Մոսկվայում հոկտեմբերի 10-ին և վերահաստատվել հոկտեմբերի 17-ին՝ համահունչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հոկտեմբերի 1-ին արված հայտարարության»,- նշված է ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան եռակողմ համատեղ հայտարարության մեջ։

Միացյալ Նահանգները խթանել են ինտենսիվ բանակցություններ ԱԳ նախարարների և Մինսկի խմբի համանախագահների միջև՝ Հայաստանին և Ադրբեջանին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը մոտեցնելու նպատակով:

Տեղեկացնենք, որ սեպտեմբերի 27-ի՝ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայից հետո սա հրադադարի երրորդ փորձն է։

Թրամփը հայտարարել է, որ հեշտությամբ կհասնի խաղաղ կարգավորմանն Արցախում

Հումանիտար հրադադարի վերաբերյալ առաջին պայմանավորվածությունը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը ձեռք էին բերել հոկտեմբերի 10–ին Մոսկվայում։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո, սակայն, Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։ Այս անգամ պայմանավորվածությունը Ֆրանսիայի միջնորդությամբ էր եղել։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ: