ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Չնայած առանձին պրովոկացիաներին՝ հրադարարը ընդհանուր առմամբ պահպանվում է: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայկական կողմը շարունակելու է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին»,–խոստանում է վարչապետը:
ԱՄՆ–ի կողմից հայտարարված և այսօր ժամը 8։00–ին մեկնարկող հրադադարի 3–րդ պայմանավորվածության առաջին խախտումը գրանցվել էր առավոտյան ժամը 8:45-ի սահմաններում, երբ Ադրբեջանը հրետանային կրակ էր վարել Արցախի հյուսիս-արևելյան մարտական դիրքերի ուղղությամբ, երկրորդը 9։10-ին հարավ-արևելյան ուղղությամբ, երբ հայկական դիրքերի վրա արձակվել էր հինգ հրետանային արկ։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել էր, որ ինչպես և համաձայնեցվել է երեկ Վաշինգտոնում` ԱՄՆ միջնորդությամբ, հայկական կողմը ժամը 08.00-ից լիարժեք կպահպանի հրադադարի ռեժիմը։
Հրադադարի նախանշված ժամից հաշված րոպեներ անց Ադրբեջանի ՊՆ-ն տարածեց հերթական ապատեղեկատվությունը՝ նշելով, թե հայկական ուժերը հարավային ուղղությամբ հրետակոծության են ենթարկում ադրբեջանական դիրքերը։ ՊԲ-ն պատասխանեց այս հայտարարությանը։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։
Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակում էր հրետակոծել Արցախը։
Երկրորդ «ռազմաճակատ». Գորիսում անվճար համազգեստ են կարում կամավորների համար
Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ:
Ադրբեջանը մինչև այսօր էլ խախտում է հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունները։