Հայկական կողմը կպահպանի հրադադարի ռեժիմը. Փաշինյան

Սա սեպտեմբերի 27-ից` ադրբեջանական լայնածավալ ագրեսիայից հետո, Լեռնային Ղարաբաղում հումանիտար հրադադար հաստատելու երրորդ փորձն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Հայկական կողմը կպահպանի հրադադարի ռեժիմը, Facebook–ի իր էջում վստահեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինչպես և համաձայնեցվել է երեկ Վաշինգտոնում` ԱՄՆ միջնորդությամբ, հայկական կողմը ժամը 08.00-ից լիարժեք կպահպանի հրադադարի ռեժիմը»,–գրել է նա։

Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման վերաբերյալ քննարկումը կշարունակվի Ժնևում

Նշենք, որ երեկ` հոկտեմբերի 25–ին, ԱՄՆ-ը հայտարարեց հոկտեմբերի 26-ին՝ առավոտյան ժամը 8:00-ից Լեռնային Ղարաբաղում նոր հումանիտար հրադադար հաստատելու մասին։ Սա սեպտեմբերի 27-ից` ադրբեջանական լայնածավալ ագրեսիայից հետո, հրադադարի երրորդ փորձն է։

Հոկտեմբերի 22-ից մեկնարկել է Մնացականյանի աշխատանքային այցը Միացյալ Նահանգներ։ Զոհրաբ Մնացականյանը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ՛Բրայենի հետ:

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակում էր հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ:

Ադրբեջանը մինչև այսօր էլ խախտում է հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունները։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 25-ի ժամը 14։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 974 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6614 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 217 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը