Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ ձևավորված ջոկատը կմիանա բանակին

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը վստահեցնում է, որ ջոկատում ներգրավված են հմուտ և հատուկ պատրաստվածություն անցած զինվորականներԼ
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Գագիկ Ծառուկյանի կոչով և գլխավորությամբ ձևավորվել է մարտունակ ջոկատ մարտական բարձր պատրաստվածությամբ, որտեղ ներգրավված են նաև հմուտ և հատուկ պատրաստվածություն անցած զինվորականներ, տեխնիկապես կազմակերպված ու զինված և իհարկե արիական և մարտական բարձր ոգով։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը։

«Մեր ջոկատը կմիանա հայոց բանակին, որտեղ անհրաժեշտ է՝ ունենալով իր ներդրումը հաղթանակի կերտման գործում։ Այսօր հայրենիքն ունի յուրաքանչյուրիս գործելու կարիքը։ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ուժերի մեկտեղմամբ է միայն հնարավոր հաղթել»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Հիշեցնենք` հոկտեմբերի 22-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, որոշեց ազատ արձակել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։ Նա ազատ արձակվեց 100 մլն դրամ գրավի դիմաց։

Ծառուկյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողի կամ այլ անձի համար կաշառք տալու համար։ Ծառուկյանին կալանավորել էին սեպտեմբերի 25-ին:

Հոկտեմբերի 23-ին Ծառուկյանը ԲՀԿ–ի բոլոր անդամներին, մարզային կառույցների ներկայացուցիչներին հորդորեց կամավորագրվել կուսակցության կողմից ձևավորվող ջոկատին։