Երկրորդ «ռազմաճակատ». Գորիսում անվճար համազգեստ են կարում կամավորների համար

Գայանե Գուդրունցն ու Արտուշ Համբարձումյանը իրենց ծառայությունների համար գումար չեն վերցնում, ուստի կամավորներն այլ տարբերակ են գտնում շնորհակալություն հայտնելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Սյունիքի մարզի Գորիս քաղաքը, ինչպես և Հայաստանի բոլոր քաղաքները, սեպտեմբերի 27-ից հետո ապրում է պատերազմական կյանքով։  Բնակիչները ռազմաճակատի համար օգնություն են հավաքում, աջակցում Արցախից ժամանակավոր տեղափոխված ընտանիքներին, ինչպես նաև ամեն կերպ օգնում կամավորներին։ Օրինակ` կարի փոքր արտադրամասը, որը գտնվում է քաղաքի կենտրոնում, պատերազմի սկզբից անվճար համազգեստ է կարում զինվորականների համար։

Երկրորդ «ռազմաճակատ». Գորիսում անվճար համազգեստ են կարում կամավորների համար

«Ամբողջ Գորիսը, ամբողջ Սյունիքը գիտի, որ մենք հիմա անվճար ենք աշխատում։ Անում ենք ամեն ինչ. և՛ զրոյից համազգեստ ենք կարում, և՛ նորոգում ենք հինը։ Ամենակարևորը` հեծանակ (շևրոն) ենք կարում` վրան նշելով արյան խումբը։ Այստեղ մի ամբողջ դարակ հեծանակ կար, տղաները գրեթե բոլորը տարել են», – պատմում է արտադրամասի սեփականատեր Գայանե Գուդրունցը։

Երկրորդ «ռազմաճակատ». Գորիսում անվճար համազգեստ են կարում կամավորների համար

Արտադրամասում  նաև զինվորական պարագաների խանութ է գործում։ Գայանե Գուդրունցն ու նրա ամուսինը` Արտուշ Համբարձումյանը, իրենց գործը սկսել են 7 տարի առաջ։ Բայց այս օրերին խանութից գրեթե դուրս չեն գալիս. աշխատանքը շատ է։

«Ցավդ տանեմ». Եվգենի Կիսինն իր հոնորարը փոխանցել է Արցախի մանուկների օգնության ֆոնդին

«Տեսնո՞ւմ եք պատուհանագոգին դրված ծաղիկները։ Չորս օր առաջ զինվորներից մեկը բերեց։ Ուզում էր վճարել, չհամաձայնեցինք, որոշեց այսպես հայտնել իր շնորհակալությունը։ Հետաքրքիր է, որ ծաղիկներն այս ընթացքում չեն թոշնել ընդհանրապես», – ասում է Գուդրունցը։

Երկրորդ «ռազմաճակատ». Գորիսում անվճար համազգեստ են կարում կամավորների համար

Այս մարդիկ, ինչպես և Հայաստանում գրեթե բոլորը, առաջնագծում հարազատներ ունեն։ Պատերազմի առաջին օրերին Արցախ մեկնեց Արտուշ Համբարձումյանի եղբայրը` Աշոտը, մեկնեցին նաև նրանց զարմիկները։ Նրանց որդին դեռ Գորիսում է, Արցախից տեղափոխված ընտանիքներին է տեղավորում Սյունիքի գյուղերի ժամանակավոր կացարաններում։ Մեր զրույցի պահին նա Խնձորեսկում էր, ուր արդեն արցախցի մի քանի ընտանիք է տեղափոխել։

Երկրորդ «ռազմաճակատ». Գորիսում անվճար համազգեստ են կարում կամավորների համար

«Թող խաղաղությունը շուտ գա, ու ամեն ինչ ավարտվի մեր հաղթանակով։ Մենք դրա համար պատրաստ ենք անել ամեն ինչ», – ասում է Համբարձումյանը։

Երկրորդ «ռազմաճակատ». Գորիսում անվճար համազգեստ են կարում կամավորների համար

Զույգը հիշում է, որ 90-ականներին` Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, Գորիսը թիկունքի ակտիվ կետերից մեկն էր։ Ինչպես և 30 տարի առաջ, այսօր էլ ամբողջ քաղաքը «մոբիլիզացվել» ու երկրորդ ռազմաճակատ է դարձել. այն մեկը, որտեղ մարտեր չեն ընթանում, բայց յուրաքանչյուր քաղաքացու ուսերին մեծ պատասխանատվություն է ընկած։

Երկրորդ «ռազմաճակատ». Գորիսում անվճար համազգեստ են կարում կամավորների համար