Էրդողանի տնտեսական նկրտումները. Արցախը չի տեղավորվում թուրքական գազային խողովակներում

Փորձագետները, սակայն, չեն բացառում, որ Արցախում սկսված գործընթացի արդյունքում Հարավային Կովկասում ու ամբողջ Կասպյան տարածաշրջանում շուտով հսկայական փոփոխություններ են տեղի ունենալու` թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական։
Sputnik

Տարածաշրջանում իր իսկ ստեղծած իրավիճակից Թուրքիան ձգտում է դուրս գալ որպես էներգետիկ գերտերություն, որը կվերահսկի Կասպյան տարածաշրջանի բոլոր գազի հոսքերը։

Կհաջողվի՞ ռուսական գազը փոխարինել ամերիկյանով

«Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Գոռ Ծառուկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում Թուրքիայի նախագահի այս տնտեսական նկրտումները իրատեսական որակեց` չբացառելով, որ Թուրքիան, տարածաշրջանում քաղաղաքական գերակայության հասնելով, նաև փորձում է տնտեսական գերակայության հասնել։ Եվ այս դեպքում առաջնային նպատակը էժան էներգետիկ ռեսուրսներին տիրանալն է։
«Եթե մինչ այժմ Թուրքիայի համար այլընտրանքը միայն Ադրբեջանից ստացվող գազն էր ու նաև` ռուսական գազը, ապա Հարավային Կովկաս մուտք գործելու դեպքում Թուրքիան արդեն հնարավորություն կստանա վերահսկել տարածաշրջանի հիմնական էներգետիկ հոսքերը»,– ասաց Ծառուկյանը։

Տնտեսագետը պարզաբանեց, որ խոսքը հիմնականում Ադրբեջանի ու Թուրքիայի տարածքում առկա ռեսուրսների մասին է, որոնք Էրդողանը հույս ունի արտահանել Եվրոպա։ Այս ծրագրի իրագործմանը, նրա դիտարկմամբ, մինչև հիմա խոչընդոտել են Ռուսաստանն ու Իրանը։

«Բայց Թուրքիայի քաղաքական գործոնի աճելու արդյունքում Անկարան հնարավորություն կունենա վերջապես բացելու այդ փականը»,– ասաց տնտեսագետը։

Ադրբեջանի հարցում Թուրքիան, ըստ էության, խնդիր չունի։ Ամենայն հավանականությամբ, մոտ ապագայում Ադրբեջանը Թուրքիայի համար կնվազեցնի գազի գինը։

Ինչ է Հայաստանն ամենաշատը բերում Թուրքիայից

«Շատ հավանական է, որ Ադրբեջանի իշխանությունները գնան նման գործարքի, որպեսզի որոշակի տնտեսական զիջումների, անգամ որոշակի ռազմական զիջումների արդյունքում ունենան հաղթաթուղթ` սեփական ժողովրդին վաճառելու ու որպես հաղթանակ մատուցելու համար։ Իհարկե, այդ ամենի գլխավերևում կլինի Ալիև ընտանիքի ընտանեկան լուսանկարը, քանի որ կներկայացվի, թե դա հենց իրենց շնորհիվ տեղի ունեցավ։ Եվ իրենք հենց այդ հաշվարկով են անում այդ ամենը»,– ասաց տնտեսագետը։

Ադրբեջանական գազի շուկայականից ցածր գինն իր հերթին թույլ կտա Անկարային գազի գնի նվազեցման բանակցություններ սկսել Ռուսաստանի ու Իրանի հետ` խիստ շահեկան դիրքերից ու շահեկան դիրք գրավել «Երկնագույն հոսք» և «Թուրքական հոսք» նախագծերով Ռուսաստանի հետ պայմանավորվածությունները վերանայելու համար:

Ադրբեջանական ու ռուսական գազի գինը գցելուց զատ Էրդողանը ձգտում է նաև Թուրքմենստանի գազի պաշարներին հասնել, որոնք, ի դեպ, ամենահարուստն են ողջ կասպյան ավազանում։

Դրա համար հարկ կլինի նոր խողովակաշար կառուցել` թուրքմենական գազը Կասպից ծովով դեպի Ադրբեջան տեղափոխելու համար, իսկ այնտեղից արդեն արտահանել դեպի Արևմուտք։

Թուրքական հետքը Թուրքմենստանում, ի դեպ, նորություն չէ։ Թուրքական ամենախոշոր «Չալիք հոլդինգ» ընկերությունն այստեղ արդեն իսկ ներդրումային ծրագեր է իրականացնում։ Դրանցից ամենախոշորը Թուրքմենստանի «Թուրքմենբաշի» նավահանգստի կառուցումն է, որը, որոշ մասնագետների դիտարկմամբ, հենց նախատեսված է որպես խոշոր էներգետիկ հանգույց։ Այս հոլդինգի նախագահը` Ահմեդ Չալիքը Թուրքիայի ամենահարուստ օլիգարխն է, Էրդողանի փեսայի ընկերը։

Ընդդեմ «Հյուսիսային հոսք-2»-ի. Լեհաստանն ու Ուկրաինան միավորվել են ուժերը

Մինչ Էրդողանի իշխանություն գալը Ահմեդ Չալիքը միջին բիզնեսմեն էր, բայց դրանից հետո հաշված տարիների ընթացքում դարձավ երկրի ամենահարուստ անձանցից մեկը։ Կարճ ասած` Էրդողանը նաև Թուրքմենստանում «մարդ» ունի իր ծրագիրն առաջ տանելու համար։

Որքան էլ զավեշտալի հնչի` Թուրքիայի այս ծրագրի ճանապարհին ներկա պահին միակ խոչընդոտը Լեռնային Ղարաբաղն է։

«Եթե մինչև հիմա Ռուսաստանի ազդեցությունը շատ մեծ էր թե՛ Հարավային Կովկասում, թե՛ Միջին Ասիայում, ապա ղարաբաղյան հարցի թուրքանպաստ լուծման դեպքում Թուրքիան արդեն մուտք է գործում Հարավային Կովկաս, ու հաջորդ քայլը կլինի Կասպից ծովը, Թուրքմենստանը և այդպես շարունակ»,– կանխատեսում է Գոռ Ծառուկյանը։

Նրա դիտարկմամբ, թե՛ Ռուսաստանը, թե՛ աշխարհի մյուս խոշոր երկրները Հարավային Կովկասում Թուրքիայի այս տեղաշարժերին ու տնտեսական նկրտումներին առայժմ միայն հետևողի դերում են։ Ընդ որում, տնտեսագետը չի բացառում, որ ռուսական գազին այլընտրանք ունենալը նաև եվրոպական երկրների շահերից է բխում։

Նոր տվյալներ. Արցախի դեմ պատերազմին Ադրբեջանը վաղուց է պատրաստվել և Թուրքիայի աջակցությամբ

Առայժմ Թուրքիայի դեմ բացահայտ հայտարարություններ է անում միայն Ֆրանսիան։ Ռուսաստանը հանդես է գալիս ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրի դերում` փորձելով անկողմնակալություն պահպանել ու չսրել Թուրքիայի հետ հարաբերությունները։ Դե, իսկ ԱՄՆ–ին ավելի շատ հուզում են իր նախագահական ընտրությունները։

Փորձագետները, սակայն, չեն բացառում, որ Արցախում սկսված գործընթացի արդյունքում Հարավային Կովկասում ու ամբողջ Կասպյան տարածաշրջանում շուտով թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական հսկայական փոփոխություններ են տեղի ունենալու։