ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ավստրիայի ազգային տոնի առթիվ նախագահ Ալեքսանդեր Վան դեր Բելլենին ուղղված շնորհավորական ուղերձում ասել է` Ավստրիան վերստին արտահայտեց իր հստակ և աներկբա աջակցությունը Հայաստանին, Արցախին և հայ ժողովրդին: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
«Երախտագիտությունս եմ հայտնում Ձեզ և Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի և բանակցությունների հարթակ տրամադրելու պատրաստակամության համար»,–նշել է նախագահը:
Սարգսյանը բարձր է գնահատել նաև Ավստրիայի խորհրդարանի՝ Ղարաբաղյան հակամարտությանը Թուրքիայի ռազմական միջամտությունը և Ադրբեջանին զենք մատակարարելու գործընթացը դատապարտող բանաձևի համար։
Նախագահը համոզմունք է հայտնել, որ հայ-ավստրիական կայուն փոխգործակցությունը երկկողմ և բազմակողմ մակարդակներում կշարունակի ամրապնդվել և ընդլայնվել՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։
Հոկտեմբերի 15-ին Ավստրիայի խորհրդարանը միաձայն ընդունել էր Լեռնային Ղարաբաղի հարցով առաջարկ-միջնորդություն, որի հիմնական դրույթները վերաբերում են հրադադարին ուղղված ջանքերին, Թուրքիայի միջամտության և զենքի մատակարարման դատապարտմանը:
Այսօր հայտնի դարձավ, որ Ավստրիան դադարեցնում է թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ–ների համար շարժիչների մատակարարումը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 26-ի ժամը 13։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 974 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6674 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 220 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:
Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։
Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը