Աշխարհազորայիններն ու կամավորները կստանան աշխատավարձ և պարգևատրում. նոր որոշում

Սահմանվում են պետական կառավարման մարմինների, պետական կազմակերպությունների ու հիմնարկների աշխատողների՝ ռազմական դրության ժամանակահատվածում վարձատրության չափանիշները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի - Sputnik. Արցախի կառավարությունը ընդունել է «Ռազմական դրության ժամանակահատվածում աշխատողների վարձատրության գործընթացի կանոնակարգման մասին» որոշումը: Հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Թե՛ բանակը, թե՛ աշխարհազորն ամուր կանգնած են իրենց զբաղեցրած դիրքերում. Արցախի նախագահ

Որոշման մեջ մասնավորապես նշվում է, որ Արցախի Հանրապետության տարածքում գտնվող՝ տվյալ ամսում աշխատած աշխատակիցներին վճարվում է աշխատավարձ՝ համաձայն հաստիքային ցուցակի: Դրանից բացի յուրաքանչյուր մարմնում ձևավորվող պարգևատրման ֆոնդից աշխատակցին վճարվում է նաև պարգևատրում՝ մարմնի ղեկավարի կողմից որոշված չափով:

Տվյալ ամսում չաշխատած աշխատակիցներին վճարվում է փոխհատուցում՝ հաստիքային ցուցակով սահմանված աշխատավարձի չափով, իսկ զորահավաքային զորակոչի միջոցով կամ կամավորական հիմունքներով զինվորական ծառայության անցած, ինչպես նաև աշխարհազորայիններին վճարվում է աշխատավարձ՝ ըստ հաստիքային ցուցակի, և պարգևատրում՝ աշխատավարձի 50 տոկոսի չափով:

Ըստ նոր որոշման՝ Արցախի Հանրապետության տարածքից դուրս եկած ծառայողական պարտականությունները կատարող աշխատակիցներին փաստացի աշխատած օրերի հաշվարկով վճարվում է աշխատավարձ՝ ըստ հաստիքային ցուցակի, իսկ չաշխատած օրերի համար վճարվում է փոխհատուցում՝ չաշխատած օրերի համամասնությամբ։

Հանդիպում աշխարհազորի մարտիկների հետ. Արցախի նախագահը ոգևորված է

Չաշխատած աշխատակիցներին վճարվում է 100 000 ՀՀ դրամի չափով փոխհատուցում (բժշկական համակարգի աշխատողներին վճարվում է 68 000 ՀՀ դրամի չափով փոխհատուցում), բացառությամբ այն աշխատակիցների, որոնց առձեռն ստացվող եկամուտը չի գերազանցում 100 000 ՀՀ դրամը: Վերջիններիս վճարվում է փոխհատուցում՝ հաստիքային ցուցակով սահմանված աշխատավարձի չափով:

Որոշման մեջ նշվում է նաև, որ Արցախի Հանրապետության տարածքից Արցախի Հանրապետության նախագահի 2020 թվականի հոկտեմբերի 14-ի ՆՀ-465-Ն հրամանագրի խախտմամբ դուրս եկած, ինչպես նաև առանց մարմնի ղեկավարի համաձայնության Արցախի Հանրապետության տարածքից բացակայող արական սեռի աշխատողները չեն վարձատրվում: