Արդեն երրորդ անգամ հրադադարը խախտվում է. ՄԱԿ–ում խորապես մտահոգված են

ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի ներկայացուցչի խոսքով՝ շատ կարևոր է, որ հակամարտության կողմերն ամբողջությամբ կատարեն հրադադարի պայմանավորվածությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Ղարաբաղա–ադրբեջանական հակամարտության գոտում հումանիտար հրադադարի հերթական ձախողման մասին լուրերը խորապես մտահոգել են ՄԱԿ-ին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ նովոստին` հղում անելով ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկին, որը հանդես է եկել ճեպազրույցով։

«Մեզ խորապես մտահոգել են լուրերն այն մասին, որ հակամարտության գոտում կրկին հրադադարի ռեժիմի խախտումներ են գրանցվել անմիջապես այն բանից հետո, երբ կողմերը պայմանավորվել են... երրորդ անգամ», - ասել է Դյուժարիկը:

Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ հակամարտության կողմերն ամբողջությամբ կատարեն հրադադարի պայմանավորվածությունները։

Հայաստանի ու Ադրբեջանի միջև հայտարարված հրադադարը պահպանվում է. Դոնալդ Թրամփ

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ: 

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։ Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։