ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում ԵՄ ներկայացուցչության առջև բողոքի ակցիա են անում արցախցի կանայք ու երեխաները։ Նրանք պահանջում են, որ ԵՄ–ն խախտի իր լռությունը։
«Մենք պահանջում ենք, որպեսզի իրավական գնահատականներ տան Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին, պատժամիջոցներ կիրառեն Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ։ Մենք իրավունք ունենք խաղաղ ապրել մեր հողում»,–ասաց բողոքի ակցիայի մասնակից կանանցից մեկը։
Նա հայտնեց, որ ԵՄ գրասենյակի առջևից ոչ մի տեղ չեն գնալու մինչև Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը չմոտենա իրենց ու չվերցնի իրենց նամակը։
Բողոքի ակցիա անողները պահանջում են, որ Անդրեա Վիկտորինը լսի իրենց պահանջները։ Նրանք վանկարկում են` «Մենք խաղաղություն ենք ուզում», «Ճանաչեք Արցախը», «Մի եղեք կույր»...
Բողոքի ակցիա անողներից Լիանա Ադամյանն էլ ասաց, թե Անդրեա Վիկտորինը վստահաբար այս գիշեր հանգիստ քնել է, իսկ իրենցից որևէ մեկն աչք չի փակել` սպասելով հրադադարին։
«Մենք մեկ ամիս է` չենք քնում, քանի որ կորցրել ենք ամեն ինչ` տունուտեղ, մեր երեխաներին, հայրերին ու ամուսիններին։ Ո՞վ է պատասխան տալու։ Այսօր անդամահատում են մեր ձեռքն ու ոտքը և ասում` արյունահոսող մարմնով նստեք բանակցությունների սեղան։ Մենք կեղծ բանակցություններ չենք ուզում»,–ասաց նա։
ԵՄ գրասենյակի անվտանգության աշխատակիցը տեղեկացրեց, որ համավարակի պատճառով գրասենյակում բացի անվտանգության աշխատակիցներից, այլ մարդիկ չկան։ Բողոքի ակցիա անողներին հորդորեցին կա՛մ նամակը հանձնել, կա՛մ էլ վաղը ժամը 11-ին երեք անձով մոտենալ գրասենյակ, որպեսզի որևէ մեկն ընդունի իրենց։
Արցախցի կանայք որոշեցին ցրվել և վաղը շարունակել իրենց բողոքի ակցիան։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 25-ի ժամը 14։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 974 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6614 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 217 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:
Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։
Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը