ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Ժամը 17:00-ից Արցախի սահմանի երկայնքով կրակի խտությունը կտրուկ մեծացել է: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Հակառակորդը ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառում է փողային և ռեակտիվ հրետանի, նաև տանկեր»,– Facebook–ի իր էջում գրել է նա:
ԱՄՆ–ի կողմից հայտարարված և այսօր ժամը 8։00–ին մեկնարկած հրադադարի 3–րդ պայմանավորվածության առաջին խախտումը գրանցվել էր առավոտյան ժամը 8:45-ի սահմաններում, երբ Ադրբեջանը հրետանային կրակ էր վարել Արցախի հյուսիս-արևելյան մարտական դիրքերի ուղղությամբ, երկրորդը9։10-ին հարավ-արևելյան ուղղությամբ, երբ հայկական դիրքերի վրա արձակվել էր հինգ հրետանային արկ։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել էր, որ ինչպես և համաձայնեցվել է երեկ Վաշինգտոնում` ԱՄՆ միջնորդությամբ, հայկական կողմը ժամը 08.00-ից լիարժեք կպահպանի հրադադարի ռեժիմը։
Հրադադարի նախանշված ժամից հաշված րոպեներ անց Ադրբեջանի ՊՆ-ն տարածեց հերթական ապատեղեկատվությունը՝ նշելով, թե հայկական ուժերը հարավային ուղղությամբ հրետակոծության են ենթարկում ադրբեջանական դիրքերը։ ՊԲ-ն պատասխանեց այս հայտարարությանը։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։
Մասնավորապես, կողմերը պայմանավորվել էին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։
Երկրորդ «ռազմաճակատ». Գորիսում անվճար համազգեստ են կարում կամավորների համար
Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ:
Ադրբեջանը մինչև այսօր էլ խախտում է հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունները։