Obozrevatel․ Զելենսկու գրասենյակի ղեկավարը հանձնարարել է զենք մատակարարել Բաքվին

Ուկրաինական պարբերականը պնդում է, որ փոխվարչապետի և պաշտպանության նախարարի առջև խնդիր է դրվել՝ Ադրբեջանին համապատասխան սպառազինություն մատակարարելու հնարավորություն գտնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի - Sputnik. Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը փոխվարչապետ Օլեգ Ուրուսկուն, որը նաև արդյունաբերության ռազմավարական ոլորտների հարցերի նախարարն է, հանձնարարել է Ադրբեջնանին զենք մատակարարելու մասին պայմանավորվածություն ձեռք բերել։ Տեղեկությունը հայտնում է ուկրաինական Obozrevatel առցանց-պարբերականը՝ հղում անելով քաջատեղյակ աղբյուրներին։

Մարտունիում հուժկու պայթյունի զոհ են դարձել սննդի մատակարար ընկերության աշխատակիցները

«Ըստ նրանց (աղբյուրների – խմբ․)՝ ադրբեջանական կողմի հետ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը վերահսկում է նախագահի գրասենյակի ղեկավարը։ Նրանց հետ բանակցություններ է վարել «Պրոգրես» պետական ձեռնարկության տնօրեն Տարաս Շիյկոն՝ Ուրուսկու հանձնարարությամբ», - նշված է հոդվածում։

Պարբերականի տվյալներով` Ուրուսկու ու Շիյկոյի հանդիպումը մի քանի շաբաթ առաջ է կայացել։ Նշվում է, որ դրանից հետո Շիյկոն «Socar» ադրբեջանական ընկերության մասնավոր ինքնաթիռով գաղտնի մեկնել է Թուրքիա, որտեղ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպում է կայացել։

«Քննարկվել է Ադրբեջանին Ուկրաինայից զենք մատակարարելու հարցը․ խոսքը վերաբերում է 122 ու 152 միլիմետրանոց հրանոթներին ու չկառավարվող հրթիռներին», - ավելացրել է աղբյուրը։

Նրա խոսքով՝ փոխվարչապետ Ուրուսկու և պաշտպանության նախարար Անդրեյ Տարանի առջև խնդիր է դրվել՝ ցանկացած ձևով Թուրքիայով Ադրբեջան համապատասխան սպառազինություն մատակարարելու հնարավորություն գտնել։

Փաշինյանը կողմ է արտահայտվել ռուսական խաղաղապահների տեղակայմանը Լեռնային Ղարաբաղում

«Բոլոր գործողություններն իրականացվում են հույժ գաղտնիության պայմաններում», - եզրափակել է աղբյուրը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 26-ի ժամը 13։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 974 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6674 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 220 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին