ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կրկին վիրավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին` հայտարարելով, որ նա «քնում ու արթնանում է իր մասին մտածելով», փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Էրդողանը, մեկնաբանելով իսլամական սեպարատիզմի դեմ պայքարելու և «լուսավորյալ իսլամ» կառուցելու վերաբերյալ Ֆրանսիայի նախագահի խոսքերը, հայտարարել էր, որ նա «հոգեբույժի կարիք ունի»։
Եվրադիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Թուրքիայի նախագահի նման հայտարարություններն անընդունելի է անվանել։ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը ևս քննադատել էր Թուրքիայի ղեկավարության արտահայտությունները նախագահ Մակրոնի հասցեինք։ Նա հաստատել է, որ Ֆրանսիան հետ է կանչել Անկարայում իր դեսպանին խորհրդակցությունների համար։
«Այն տիպը, որը այսօր ղեկավարում է Ֆրանսիան, քնում ու արթնանում է Էրդողանի մասին մտքերով։ Թող ավելի լավ է իրեն նայի։ Նա իսկապես ստուգվելու կարիք ունի», – ասել է Թուրքիայի նախագահը` ելույթ ունենալով Մալաթիա քաղաքում։
Նա նաև անդրադարձել է ուլտրա-աջակողմյան նիդեռլանդացի քաղաքական գործիչ Գերթ Վիլդերսին, ով Twitter իր էջում Թուրքիայի նախագահի ծաղրանկարն է հրապարակել։ «Հոլանդացի մի պատգամավոր էլ մեր մասին ինչ–որ բան է գրում։ Տեղդ ճանաչիր», – ասել է Թուրքիայի առաջնորդը։
Թուրքիայի նախագահը հասցրել է ԱՄՆ–ի հասցեին ևս արտահայտվել, հայտարարելով, որ չի վախենում Ղարաբաղյան հակամարտությանը միջամտելու պատճառով հավանական պատժամիջոցներից։
Պարգև սրբազանը դիմել է Մակրոնին, Թրամփին ու Պուտինին. տեսանյութ