Կիպրահայերը խոշոր ցույց են անցկացնում Իսրայելի դեսպանատան մոտ

Հազարավոր հայեր հավաքվել են Նիկոսիայում՝ իրենց բողոքի ձայնը հնչեցնելու ադրբեջանա-թուրքական ագրեսիայի դեմ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի - Sputnik. Կիպրոսում բնակվող հայերն այսօր հերթական բողոքի ակցիան են նախաձեռնել և պատրաստվում են այն անցկացնել մայրաքաղաք Նիկոսիայում գտնվող Իսրայելի դեսպանության մոտ։

Կիպրոսաբնակ մեր հայրենակից Գոհար Մինասյանի խոսքով՝ իրենց պահանջն Իսրայելից մեկն է՝ դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին։

Կիպրահայերը խոշոր ցույց են անցկացնում Իսրայելի դեսպանատան մոտ

«Հայերը տարբեր կողմերից են եկել՝ Լիմասոլից, Լառնակայից, Պաֆոսից... Մի խոսքով` բոլոր վայրերից, որտեղ հայերն ապրում են, հավաքվել են այստեղ՝ Նիկոսիայում։ Միայն Լիմասոլից ու Պաֆոսից մոտ 150 ավտոմեքենա է եկել։ Սպասում ենք ոստիկաններին ու սկսենք առաջ շարժվել»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց Գոհարը։

Կիպրահայերը խոշոր ցույց են անցկացնում Իսրայելի դեսպանատան մոտ

Նրա խոսքով՝ բացի հայերից բողոքի ակցիային նաև բարեկամ կիպրացիներ են միացել։ Ակցիային մասնակցող ավտոմեքենաները ծածկված են Հայաստանի և Արցախի դրոշներով։

«Հայաստանից հեռու ենք, բայց ձեզ հետ ենք։ Ես հարյուր տոկոսանոց հայ եմ»,- ասում է արդեն երկար տարիներ Կիպրոսում բնակվող Գոհարը։
Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչ Հակոբ Տիգրանյանն հավելում է՝ այս ակցիայի նպատակն արցախյան խնդրի մասին տեղի բնակչությանն իրազեկել է։

«Արցախի անկախությունն այլընտրանք չունի, գործընթացը մեկնարկել է և գնալու ենք մինչև վերջ։ Հաղթելու ենք»,- նշում է Տիգրանյանը։

Ի դեպ, սա Կիպրոսում հայերի առաջին բողոքի ակցիան չէ։ Օրերս քայլերթով նրանք անցան Նիկոսիայի փողոցներով՝ իրենց բողոքի ձայնը հնչեցնելով տարբեր օտարերկրյա դեսպանությունների առջև։ Կիպրոսի հայ համայնքն ակտիվորեն մասնակցում է նաև հայրենիքին ուղղվող դրամահավաքին, նաև հումանիտար օգնության հավաքագրմանը։

Երեկ Կիպրոսի փոքրաթիվ հայկական համայնքից Հայաստան հասավ հումանիտար օգնության ինքնաթիռ: Նշենք, որ պաշտոնական տվյալներով Կիպրոսում 3000-3500 հայ է ապրում։