Իսրայելը մարդասիրական օգնություն է ուղարկել Ադրբեջանին

Հաղորդվում է, որ նմանատիպ առաջարկ մոտ երկու շաբաթ առաջ Իսրայելն արել էր նաև Հայաստանին, սակայն Երևանը դեռ չի պատասխանել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելը մարդասիրական օգնություն է ուղարկել Ադրբեջան։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Yedioth Ahronoth–ին։

Պարբերականը պնդում է, որ նմանատիպ առաջարկ մոտ երկու շաբաթ առաջ Իսրայելն արել էր նաև Հայաստանին, սակայն Երևանը դեռ չի պատասխանել։

Իսրայելի հայերը բողոքի ակցիա են իրականացրել Երուսաղեմի ԱԳՆ շենքի դիմաց

ՌԻԱ Նովոստին Իսրայելի ԱԳՆ–ին հարցում է ուղարկել` մեկնաբանություն ստանալու նպատակով, սակայն պատասխան դեռ չի ստացել։

Նշվում է, որ Ադրբեջանը Իսրայելից մարդասիրական և բուժօգնություն է խնդրել, Իսրայելը համաձայնել է, և անցած շաբաթվա վերջին բժշկական սարքավորումներ, ինչպես նաև առաջին անհրաժեշտության իրեր (դեղորայք, հագուստ, ծածկոցներ և տաքացուցիչներ` անօթևան մնացածների համար) են փոխանցվել։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը հայտարարել էր, որ Իսրայելի կողմից Ադրբեջանին մատակարարվող զենքի պատճառով Երևանն Իսրայելում իր դեսպանին հետ է կանչել խորհրդակցությունների համար։

Նշենք, որ հայկական ԶՈւ–ի կողմից խոցված Ադրբեջանի ԶՈւ զինտեխնիկայի մի մասն իսրայելական արտադրության է։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 24-ի ժամը 17։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 963 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6614 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 217 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը